DigiTec Business ֆորումը Հայաստանում տեղի կունենա հունիսի 9-10-ին

PanARMENIAN.Net - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները /ՏՀՏ/ մեծ տեղ ունեն տնտեսության տարբեր ոլորտներում: Դրանց ներդնումը մեծացնում է մրցունակությունը, ապահովում աշխատանքի բարձր արդյունավետությունը: Հաշվի առնելով այս ամենը` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իր կողմից առաջնային նպատակ է հայտարարել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում: Այդ նպատակով ԻՏՁՄ-ն նախաձեռնել է DigiTec Business ամենամյա ֆորումը, որն այս տարի կանցկացվի հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» նշանաբանի ներքո: Այս մասին PanARMENIAN.Net –ին հաղորդել են ԻՏՁՄ մամլո ծառայությունից:

Ֆորումի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար՝ լուծումներ բիզնեսի կառավարման, բիզնես գործընթացների ավտոմատացման և բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար։

«DigiTec Business ֆորումը բացառիկ միջավայր է, որը հնարավորություն է տալիս կազմակերպությունների ղեկավարներին, ՏՀՏ մասնագետներին և կազմակերպության պատասխանատու այլ անձանց հենց տեղում ստանալ ՏՀՏ մասնագիտական խորհրդատվություն»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները` DigiTec Business ցուցահանդես, E-Fin. էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանս, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, առանձնազրույցներ և խորհրդատվություն: Ավելացնենք նաև, որ առաջին անգամ ֆորումն անցկացվեց 2008թ.: Ֆորումն ունեցավ շուրջ 1200 այցելու, որոնց գերակշռող մասը պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին: Արդեն 2009թ. այցելուների թիվ հասավ 1500-ի: Ակնկալվում է, որ 2010թ. ֆորումը կունենա շուրջ 40 ցուցադրվող ընկերություն և 1800-2000 այցելու:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---