Արցախում կիրականացվի «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագիրը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ստորագրեցին համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» (OLPC: One Laptop Per Child) ծրագիրն իրականացնելու մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից (ՀԲԸՄ), ծրագրի նպատակն է Ղարաբաղի միջնակարգ դպրոցներն ապահովել լափթոփ համակարգիչներով և անլար ցանցի միջոցով` նաև ինտերնետով: Էդուարդո Էռնեկյանը դիմել է ՀԲԸՄ-ին` ծրագրի իրականացմանն աջակցելու խնդրանքով: Աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունը` ՀԲԸՄ-ն, պարտավորվել է տրամադրել անհրաժեշտ աջակցություն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու նպատակով:

«Համաշխարհային հանրությունը Լեռնային Ղարաբաղը դիտում է միայն պատերազմի և տարածաշրջանային հակամարտության համատեքստում: Մարդիկ մոռանում են այնտեղ ծնված և ապրող երեխաների մասին: Այս երեխաները նույնպես կրթության և տեղեկացված լինելու իրավունքն ունեն», ասաց պարոն Էռնեկյանը: «Իմ նպատակն է այս ծրագրի միջոցով լրացնել այդ բացը և ԼՂՀ երեխաներին ապահովել լավագույն կրթությամբ, որն այսօր կարող է առաջարկել աշխարհը»,- նշեց Էդուարդո Էռնեկյանը: Ինչպես նշեց ԼՂՀ վարչապետը, երկրի ռեսուրսների մի հսկայական մաս ուղղված է դպրոցների կառուցման ու վերանորոգման գործընթացին: ԼՂՀ կառավարությունը նաև պարտավորվել է Լեռնային Ղարաբաղի բոլոր գյուղերն ապահովել փոխկապակցված հեռահաղորդակցությամբ ծրագրի ազդեցության շրջանակն էլ ավելի ընդլայնելու նպատակով: Էդուարդո Էռնեկյանը համաձայնվեց աջակցել նաև ԼՂՀ զարգացման մի շարք այլ ծրագրերի, ներառյալ փոքր ֆերմաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը, ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումները ձեռնարկություններին հասանելի դարձնելը, բիոէներգետիկ ռեսուրսների զարգացմանն աջակցելը և մսամթերքի ու կաթնամթերքի արտադրությունը ԼՂՀ տարածքում զարգացնելը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---