Արամ Մանուկյանը իշխանություններին «հետաքրքիր մայիսի 7» է խոստացել ԱԺ ընտրությունները կեղծելու դեպքում

Արամ Մանուկյանը իշխանություններին «հետաքրքիր մայիսի 7» է խոստացել ԱԺ ընտրությունները կեղծելու դեպքում

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեպքում իշխանություններին «շատ հետաքրքիր մայիսի 7» է սպասվում, այսօր Երևանում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) մեծամասնական ընտրակարգով 4-րդ ընտրատարածքի թեկնածու Արամ Մանուկյանը: «Մայիսի 6-ից հետո մայիսի 7 կա, և եթե նրանք միտք ունեն ընտրություններն իրենց ուզածի պես անցկացնել, ապա մայիսի 7-ը կարող է նրանց համար շատ հետաքրքիր լինել»,- վստահեցրել է նա:

Այս կապակցությամբ Արամ Մանուկյանը հավելել է, որ խորհրդարանական ընտրություններից 5 օր անց Երևանում տեղի կունենա Եվրոպայի լիբերալ կուսակցության համագումարը, որի անդամ է ՀՀՇ-ն:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե նա ինչ նկատի ունի «հետաքրքիր մայիսի 7» ասելով, Արամ Մանուկյանը կոնկրետ պատասխան չի տվել, միայն ընդգծել է, որ «ժողովրդի պատասխանը համարժեք կլինի իշխանությունների գործողություններին»: Միևնույն ժամանակ Արամ Մանուկյանը չի բացառել, որ ՀԱԿ-ը կարող է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացած իր մանդատներից:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ):

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---