Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում

Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - Մայիսի 21–ի վաղ առավոտից Կիրանցում տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։ Տեղում աշխատողներն ասել են, որ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում, հայտնում է «Ազատությունը»։

Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը, ով հարցազրույց տալ չի ցանկացել։

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։ Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։

Մայիսի 20–ին հայտնի դարձավ, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այն կբերվի միջազգային ստանդարտների։

«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար», - գրել էր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:

Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ՝ ճանապարհը ոստիկանները փակել են դեռ մայիսի 19–ից։ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ պարզաբանել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Մայիսի 19–ին Կիրանցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գյուղացիների հետ հանդիպմանը լսել մտահոգություններն ու ասել էր, որ «ճանապարհը կկառուցեն, ինքն իրենով կլինի նաև անվտանգություն»։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---