Միասնական շտաբն արդեն կատարել է իր առաջին քայլը

Միասնական շտաբն արդեն կատարել է իր առաջին քայլը

PanARMENIAN.Net - Հանրային վերահսկողության միասնական շտաբի ձևավորման շուրջ արդեն համաձայնության եկած քաղաքական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունն» այսօր քննարկեցին Հանրային վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի մասին իրենց մոտեցումները: Ըստ այս կուսակցությունների շտաբը ձևավորվել է հանուն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների։

Շտաբի ստեղծման նախաձեռնությունը «Քաղաքագետների միությանն» էր, որի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հավաստեց, որ սա չեզոք դաշտի՝ քաղաքացիական նախաձեռնություն է:

Նա նշեց, որ շտաբն արդեն կատարել է իր առաջին գործնական քայլը և դիմում է հղել ոստիկանությանը, դատախազությանը և վարչապետին, որպեսզի տրամադրվի պետռեգիստրում գրանցված այն անձանց ցուցակը, որոնք Հայաստանում չեն: Ըստ, Հմայակ Հովհաննիսյանի, դրանով կարելի է խուսափել ընտրակեղծիքներից, իմանալով, թե արդյոք նրանց փոխարեն քվեարկել են, թե ոչ: ԲՀԿ–ի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը անհրաժեշտություն համարեց ընտրել միասնական շտաբի ամենապարզ մեթոդ, ըստ որի շտաբում յուրաքանչյուր կուսակցությունից կներկայացվի մեկ անձ, կհստակեցվի թե ինչպիսի խախտումներ կարող են լինել, այնուհետև դրանք կգրանցվեն, և կմշակվեն դրանց դեմ պայքարելու հատուկ ձևեր։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը պահանջում էր, որ շտաբի գործնական քայլերի վերջնական որոշման փաստաթղթի տակ ստորագրեն ներկայացվող քաղաքական ուժերի առաջին դեմքերը:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց առաջին դեմքերի ստորագրության պարտադիր լինելու վերաբերյալ առաջարկին: Ըստ նրա, դա անում են կուսակցության լիազորված անձինք: «Պետք է առաջ գնանք, ոչ թե տեղապտույտ տանք, ժամանակ չունենք»,- բացատրեց նա:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նույնպես չկիսեց այն կարծիքը, որ կուսակցությունների առաջին դեմքերը պետք է անպայման ստորագրեն փաստտաթուղթը: «Մենք կառուցողական ենք տրամադրված, շտաբը ձևավորված է, ռազմավարական ընտրությունը՝ կատարված: Մնում է անցնել գործի: Ընդունում ենք առաջարկների մի մասը, մեր կողմից որևէ դրույթ չենք դնում։ Պատրաստ ենք ակտիվորեն աշխատել»,- ասաց նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---