Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ-ն իրականացրել է իր առջև դրված խնդիրների մի մասը միայն

Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ-ն իրականացրել է իր առջև դրված խնդիրների մի մասը միայն

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Գյումրիում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 10-րդ ժողովը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ համաժողովը կայանում է խորհրդանշական ժամանակաշրջանում է, քանի որ ֆեդերացիան նշում է իր քսանամյակը, իսկ Հայրապետյան` պաշտոնավարման տասնամյակը: “Այս տարիների ընթացքում բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել` իրականացրելով մի շարք աշխատանքներ: Ինձ համար այս ամենը բավարար չէ, քանի որ իրագործել ենք մեր առջև դրված խնդիրների մի մասը միայն: Ես շատ եմ կարևորում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, որը պահանջում է ամենօրյա նպատակասլաց աշխատանք”,- ասել է նա:

Հայրապետյանը 2011-ի կարևոր ձեռքբերումներից համարում է այն, որ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին թույլատրել է իրականացրել մարզիչների արտոնագրման դասընթաց, որը տեղի կունենա մայիսին: Ըստ նրա, դա շատ կարևոր է, որովհետև հայկական ֆուտբոլը կկարողանա “քայլել” միջազգային ֆուտբոլի պահանջներին համապատասխան:

Անցած տարվա ձեռքբերումների թվում Հայրապետյանը հատկապես կարևորեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հաջող ելույթները. “Երիտասարդական հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և ունի հնարավորություն խմբային փուլը հաղթահարելու: Մեր 19 տարեկանների հավաքականը նույնպես լավ է հանդես եկել ընտրական մրցաշարում և հանդես կգա էլիտ-ռաունդում: Մեր երկարատև աշխատանքի և ճիշտ մոտեցման շնորհիվ կարողացանք ձևավորել ազգային հավաքական, որը անցած տարի մեծ հաջողություն գրանցեց: Այդ երիտասարդ թիմը իր կամային որակների շնորհիվ ապացուցեց, որ մարտունակ է: Շատ կարևոր է, որ ձևավորվեց նաև երիտասարդ մարզչական խումբ, որը ստեղծեց այնպիսի հավաքական”,- ընդգծել է ՀՖՖ նախագահը:

Նա նշել է, որ առաջիկայում պետք է շարունակեն նույն քաղաքականությունը, որպեսզի ավելի լավ արդյունքներ արձանագրվեն. “ Մեր նպատակն է, որ հավաքականը կարողանա հանդես գալ ԱԱ-2014, դա և մեր և երկրի ղեկավարության պահանջն է: Մենք արձանագրելու ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ”: Հայրապետյանը նշել է, որ ազգային հավաքականի հաջող ելույթների շնորհիվ վերակառուցվում է “Հրազդան” մարզադաշտը, և արդեն աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ֆուտբոլիստները կխաղան ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան ստադիոնում: Ըստ նրա, ստադիոնի վերակառուցման այս փուլում նախատեսվում է ծախսել 2,5-3 մլն դոլար:

“Նախատեսում ենք Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կառուցել ևս 6 դաշտ, որոնցից մեկը կունենա 2500 նստատեղ և ծածկ: Կառուցման համար կծախսվի 3 մլն դոլար: Գյումրիում ևս կառուցվում է ակադեմիա, որը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը Շիրակում”,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---