Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ զեկույցը լի է մանիպուլյացիաներով

Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ զեկույցը լի է մանիպուլյացիաներով

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը՝ առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքըլսընի գլխավորությամբ: 13 էջանոց զեկույցը հարուցել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի «զարմանքը եւ տարակուսանքը»՝ ներկայացված գնահատականների վերաբերյալ:

Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դ.Հարությունյանը ընդգծել է. «...Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետևելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, և անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»:

Հայկական ներքաղաքական դաշտում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած եւ ԵԽԽՎ զեկույցի հեղինակին «անակնկալի բերած»՝ նոր անձնագրերի մեծ թվի մասին հիշատակմանը՝ Դ.Հարությունյանը տվել է հետաքրքիր մեկնաբանություն. «2011-2012թթ ընթացքում տրված անձնագրերի մեծ թիվը … պարզապես բացատրվում է այն փաստով, որ Հայաստանը սկսել է տրամադրել ազգային անձնագրեր երկու տասնամյակ առաջ` 1992 թվականից` 10 տարի ժամկետով», եւ բնական է, որ 2011-2012թթ հին անձնագրերը պետք է փոխարինվեն նորերով:

Հղում անելով 1990-94թթ ծնելիության եւ մահացության ցուցանիշերի տարբերությանը, Դ.Հարությունյանը նաեւ մեկնաբանել է ընտրողների թվի աճը, ասելով, որ այդ թվերի ծնելության ցուցանիշը «գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով», ուստի 2012-ին այդ քաղաքացիները առաջին անգամ ստացել են ընտրության իրավունք եւ համալրել ընտրազանգվածը:

«Այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար», - ԵԽԽՎ ամբիոնում հայտարարել է Դ.Հարությունյանը:

«Զեկույցը լի է մանիպուլյացիաներով», ասել է Դ.Հարությունյանը՝ բերելով մի քանի օրինակներ, ինչպես նաեւ համեմատելով ներկայացված զեկույցը մեկ այլ եվրոպական գնահատականի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հետ: «ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի և զեկույց հրապարակի ինքնուրույնաբար... այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի», - առաջարկել է ՀՀ պատվիրակության ղեկավարը:

Ելույթ

Զեկույցը վարպետորեն նկարագրում է Հայաստանյան խորհրդարանական վերջին ընտրությունների մի խաթարված պատկեր` ընթերցողի վրա անհիմն վատ տպավորություն թողնելու նպատակով: Ավելին, պատշաճ ընտրությունների վերաբերյալ յուրաքանչյուր անվիճելի ապացույց այնպես է ձևակերպված, որ խեղաթյուրված տպավորություն է ստեղծում ընթերցողի մոտ:

Իմ ելույթում ես ցույց կտամ, թե ինչպես է հորինված այս զեկույցը` փաստերի կանխամտածված մանիպուլյացիայի մի քանի օրինակներ բերելով, ինչը հնարավորություն կտա Ձեզ Ձեր սեփական հետևություններն անելու համար:

Օրինակի համար, խնդրում եմ ուշադրություն դարձնել Զեկույցի հետևյալ հատվածին.

«Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է ընտրողների ստորագրված ցուցակների մատչելիությունը ընտրության օրվանից հետո` գաղտնիության նկատառումներով: Այս դրույթի սահմանադրականությունը վիճարկվել է 28 պատգամավորների կողմից, սակայն Սահմանադրական դատարանն այն թողել է ուժի մեջ»:

Կարդալով հիշատակված պարբերությունը, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ Հայաստանում ինչ-որ արմատապես սխալ բան է տեղի ունեցել:

Ընդհակառակը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարության մեջ նշվել է. «Սահմանադրական դատարանը հաստատեց այդ դրույթների սահամանադրականությունը և պարզաբանեց, որ դրանք չեն բացառում ընտրական իրավունքների պաշտպանության համար ընտրողների ցուցակների մատչելիությունը»:

Ինչպես կարելի է տեսնել, ակնհայտ է, որ վերջին պարզաբանումն ուղղակի դուրս է մնացել մեր զեկույցից: Իրականում, Ընտրական օրենսգիրքը բացարձակապես չի սահմանափակում դրանց մատչելությունն ու ստուգման հնարավորությունը, և միայն արգելում է ընտրողների այն ցուցակների լուսապատճենումն ու հրապարակումը, որտեղ առկա են ընտրողների ստորագրությունները: Նման սահմանափակումներն առաջարկվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից` որպես ընտրության գաղտնիության երաշխիք: Ինչպես տեսնում եք, զեկուցողը որոշել է օգտագործել դիվերսիոն լեզու` այս դրական զարգացումն ամբողջովին բացասական կերպով ներկայացնելու համար:

Սա մանիպուլյացիայի միակ օրինակը չէ: Զեկույցը լի է դրանցով: Ահա թե ինչպես է ընտրական հանձնաժողովների աշխատանքը գնահատվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարության մեջ. «Ընտրական հանձնաժողովներն աշխատում էին բաց և թափանցիկ սկզբունքով` վստահված անձանց, դիտորդներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրամադրելով տեղեկատվություն և մատչելի դարձնելով իրենց նիստերը: Ընտրական հանձնաժողովների որոշումներն ընդունվել են սահմանափակ բաց քննարկումներով` փոքր ինչ կրճատելով դրանց թափանցիկությունը: ԿԸՀ-ն բավարար մանրամասնորեն է պարզաբանել գործընթացի ամենակարևոր ընթացակարգային ասպեկտները, և հաստատված կանոններն ընտրությունների օրվանից շատ ավելի վաղ տեղադրել է իր ինտերնետային կայքէջում»:

Արդարամիտ ընթերցողի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարությունն ամբողջովին դրական է: Մեր զեկուցողին կրկին հաջողվել է այս դրական գնահատականը վերածել բացասականի` բաց թողնելով եզրափակիչ դրական նախադասությունները, մի փոքր խաղալով բառերի հաջորդականության վրա և ուղղակի փոխելով բառերը: «Փոքր ինչ կրճատելով դրանց թափանցիկությունը» հստակորեն հայտարարելու փոխարեն, նա ասել է «դրանով իսկ կրճատելով թափանցիկությունը» և փաստորեն, բացարձակ բացասական տպավորություն է ստեղծել: Սա անկեղծ զեկույց չէ:

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ վերը հիշատակված երկու օրինակները ներկայացնում են զեկույցի ընդհանրական պատկերը: Զեկույցն անկախ դիտարկումների արգասիք չէ, այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարության փոփոխված տարբերակը, որտեղ դրականը կամ հանվել է, կամ չեզոքացվել, իսկ բացասականը` չափազանցվել և հուզականացվել է` «ֆիասկո», «քաոս» և այլ բառերի օգտագործմամբ: Բայց առավել մեծ շփոթության մեջ գցողը զեկույցի երկու հետևություններն են: Զեկույցը որպես ձախողում է ներկայացնում /1/ ընտրողների վրա ճնշումները և /2/ ընտրողների ցուցակների ճշգրտությունը:

Դիտարկենք երկուսն էլ: 47-րդ պարբերության մեջ նշվում է. «Դիտորդների կարծիքով, ընտրողներին վախեցնելը, իշխող կոալիցիայի կողմից իրականցվող նպատակաուղղված և լավ կազմակերպված գործողությունների արդյունք էր»:

Այժմ եկեք համեմատենք ԺՀՄԻԳ-ի դիտորդների արտահայտած կարծիքի հետ: ԺՀՄԻԳ հայտարարության համաձայն` միջազգային դիտորդները զեկուցել են ընտրողներին վախեցնելու դեպքերի մասին դիտարկված ընտրատեղամասերի ընդամենը 2 %-ի դեպքում: Դիտարկված ընտրատեղամասերի թիվը եղել է 1000: Փաստացի, առկա 2000 ընտրատեղամասերից մոտ 20 ընտրատեղամասում վախեցնելու դեպք նկատվել է, և եթե դա անգամ օբյեկտիվ գնահատական է, ապա դա կարող է լինել մեկ առանձին դեպք յուրաքանչյուր 20 ընտրատեղամասում:

Ասելով «կազմակերպված գործողություն», զեկույցն ընդհանուր առմամբ անտեսում է կարևոր փաստեր, ի տարբերություն ԺՀՄԻԳ-ի հայտարարության, որում մասնավորապես ասվում է. «Մրցակցությունը լարված էր բոլոր թեկնածուների միջև` ներառյալ կառավարության մաս կազմող ներկայիս գործընկերների»: Մնացած բոլոր դիտորդները համակարծիք են, որ կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները հանդես են եկել լիովին ինքնուրույն և կոշտ մրցակցությամբ: Այս կերպ, իշխող կոալիցիոն կուսակցությունների կողմից համընդհանուր և կազմակերպված համատեղ գործողությունների վերաբերյալ յուրաքանչյուր մեղադրանք ուղղակի անիմաստ է:

Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների անճշտություններին, ապա ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետևելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, և անտեսում են Հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն:

Հարկ է նշել, որ մեր օրենսդրության համաձայն` ընտրողների ցուցակները հանրային դիտարկման համար տեղադրված են եղել ընտրատեղամասերում ընտրություներից 40 օր առաջ, ինչպես նաև դրանք հնարավոր էր ներբեռել ինտերնետից օգտվողի համար հարմար ձևով, ինչը նաև համակարգչային վերլուծության հնարավորություն է ընձեռում: Յուրաքանչյուր անձ, կուսակցություն, հասարակական կամ այլ կազմակերպություն 35 օրվա ընթացքում հնարավորություն ուներ ձևական առումով պահանջելու վարչական ընթացակարգի հարուցում` հայտնաբերված անճշտությունների վերացման համար: Իշխանություններն իրենք անցկացրեցին կրկնակի ստուգում: Արդյունքում շուրջ 4000 ուղղում կատարվեց: Վերջնական ցուցակը հրապարակվեց ընտրությունից 2 օր առաջ, և դա ևս կարելի էր ներբեռնել ինտերնետից:

2011-2012 թվականների ընթացքում տրված անձնագրերի մեծ թիվը, որն ԱՆԱԿՆԿԱԼԻ է բերել զեկուցողին, պարզապես բացատրվում է այն փաստով, որ Հայաստանը սկսել է տրամադրել ազգային անձնագրեր երկու տասնամյակ առաջ` 1992 թվականից` 10 տարի ժամկետով:

Ընտրողների թվաքանակի ավելացումը մինչև 157 հազար` ի հակառակ ժողովրդագրական ցուցանիշների նվազմանը, ինչը ևս «անակնկալի էր բերել» զեկուցողին, պայմանավորված է երեք հիմնական և ստուգման ենթակա գործոններով: Բայց բավական է նշել, որ ընտրելու իրավունք ունենալու տարիքին հասածների թիվը, ես ի նկատի ունեմ 1990-ից 1994 թվականների ընթացքում ծնվածներին, գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով:

Ընտրողների ցուցակների հետ կապված բոլոր այլ հարցերը, օրինակ` նույն հասցեում գրանցված ընտրողների մեծ քանակը կամ քանդված կամ երկրաշարժից վնասված շենքերում գրանցված մարդիկ, խորապես ուսումնասիրվել են և համապատասխանաբար մանրամասն բացատրվել իշխանության կողմից հանրային հայտարարություններում:

Իհարկե, յուրաքանչյուր երկրի համար անհնարին է վերացնել ընտրողների ցուցակներում տեղ գտած բացարձակապես բոլոր անճշտությունները: Թեև կարևոր է, որ դրանք վերացվեն հնարավորինս մեծ չափով, և անճշտությունները չչարաշահվեն: Ընտրական օրենսգիրքը ստեղծել է չարաշահումները կանխելու ամուր հիմքեր, եթե նման անճշտությունները տեղ գտնեն ցուցակներում:

Ես պետք է տեղեկացնեմ Ձեզ, որ ոչ մի բողոք չի ընդունվել այս ընտրություններից հետո, որում նման չարաշահում էր հայտնաբերվել:

Անդրադառնալով զեկույցի երրորդ եզրակացությանը. Զեկուցողը խորհուրդ է տալիս, որ «Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ապրում են արտերկրում, պետք է հնարավորություն ստանային քվեարկելու արտերկրում կազմակերպված ընտրատեղամասերում»: Չնայած այն հանգամանքին, որ այս առաջարկությունը դուրս է դիտորդական առաքելության լեգիտիմության շրջանակից, այդուհանդերձ թույլ տվեք ասել հետևայլը:

Հայաստանի քաղաքացիների մի զգալի մաս /ներառյալ երկքաղաքացիություն ունեցողներին/ ապրում է արտերկրում: Խնդրում եմ` ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ հայկական սփյուռքն առնվազն երկու անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից: Հայաստանը չպետք է բացառի ցուցակներից արտերկրում ապրող այն քաղաքացիների անունները, ովքեր գրանցված են Հայաստանում: Որպես ներքին քաղաքականության հարց, սակայն, Հայաստանը կարող է ողջամտորեն և օրինական կերպով որոշել թույլ տալ իրացնելու ընտրական իրավունքները միայն երկրի ներսում: Եվ սա ամենևին ընտրելու իրավունքի խախտում չէ: Ավելին, այս հարցի լուծումը յուրաքանչյուր պետության որոշելու հարցն է: Բայց այս հանգամանքներն ամբողջությամբ անտեսված են զեկույցում:

Իսկապես, Հայաստանում ընտրական գործընթացի ամենակարևոր խնդիրներից մեկը ընտրական գործընթացի հանդեպ վստահության պակասն է: Իշխանությունն ամեն ինչ անում է այս իրավիճակը բարելավելու համար: Սակայն, ինչպես իրավացիորեն նշել են որոշ դիտորդներ, վստահության համընդհանուր պակաս չի եղել, ինչը վկայում են ընտրական գործընթացին մասնակցության աննախադեպ ցուցանիշները և ընդհանուր մրցակցային մթնոլորտը:

Հանգելի գործընկերներ, Թույլ տվեք ամփոփել իմ ուսումնասիրությունները, նշելով, որ մենք գտնում ենք, որ զեկույցը կողմնակալ է, մակերեսային, կանխակալ և անաչառ, կեղծ մեղադրանքնրի վրա հիմնված և բոլորովին ոչ պրոֆեսիոնալ: Մենք խորապես հավատում ենք, որ դիտորդական առաքելությունները պետք է իրականացվեն երկու ամենակարևոր սկզբունքների խստագույնս իրացմամբ. արդարություն և անկողմնակալություն: Եվ մենք կարող ենք հանգիստ նշել, որ այս զեկույցը թերացել է երկու հարցում էլ: Ուստի, այն նպաստում է ընտրությունների հանդեպ հանրային վստահության պակասին, դրանով, ըստ էության, խափանելով ժողովրդավարական գործընթացը Հայաստանում:

Այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար:

Հարգելի գործընկերներ. Մենք չենք ասում, որ ընտրությունները անթերի էին, և չենք կասեցնում գործընթացը բարելավելու մեր ցանկությունը: Այնուամենայնիվ, այս ընտրություններն արձանագրել են զգալի քայլ առաջ, ինչպես ճիշտ նշվել է բազմաթիվ դիտորդների, դիվանագետների, լրագրողների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից: Հայաստանը պահպանելու է իր ջանքերը` ընտրական օրենսդրությունը, դրանց կիրառությունը և իր ժողովրդավարական քաղաքական մշակույթը բարելավելու համար և այդպես էլ շարժվելու է դեպի 2013 թվականի նախագահական ընտրություններ:

Հաշվի առնելով ԵԽԽՎ ընտրությունների ուսումնասիրության առաքելությունների անհաջողությունը, ես կուզենայի ներկայացնել առաջարկություններ` ապագայի համար ԵԽԽՎ վարկանիշը և ընտրական մոնիտորինգի հանդեպ արդար միջնորդի հավաստիությունը բարելավելու համար:

1. Ես վստահ եմ, որ մեր դիտորդները երբեք չեն վերլուծել դատարանի կամ ընտրական հանձնաժողովների որոշումների իրավական հիմքերը: Այնուամենայնիվ, այս զեկույցում կարելի է գտնել արժեքավոր դատողություններ, որոնք ապավինում են այլ դիտորդների դիտարկումներին: Եթե մեր դիտորդները պետք է հիմնվեն այլ դիտորդների դիտարկումների վրա, ապա ինչու ենք մենք հանդես գալիս ԵԽԽՎ-ի առանձին զեկույցով: Իմ առաջարկը` ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի և զեկույց հրապարակի ինքնուրույնաբար, բայց այն պետք է հիմնված լինի ՄԻԱՅՆ իրական ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի:

2. Վստահ եմ, որ այս զեկույցը չի քննարկվել մեր մոնիտորինգային խմբի անդամների շրջանում: Ես կարդացել եմ ժամանակավոր հանձնաժողովի շատ անդամների հարցազրույցները, որոնք անհամատեղելի են այս զեկույցի հետ: Իմ առաջարկն է` զեկույցը պետք է պատրաստված լինի բաց և թափանցիկ ձևով` ներառելով ժամանակավոր հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքը, այլ ոչ թե միայն պատվիրակության ղեկավարի կարծիքը:

3. Վերջերս մենք բացահայտել ենք, որ մի կին, ում ԺՀՄԻԳ-ը վարձել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը օգնելու համար, ոչ միայն կցված էր արմատական ընդդիմադիր կուսակցությանը, այլև նույնիսկ այդ կուսակցության մի քանի քաղաքական հեռուստագովազդներում էր նկարահանվել: Այս ընտրությունների ընթացքում մենք նաև մի քանի միջադեպերի վկա ենք դարձել, երբ ընտրական հանձնաժողովի ղեկավարների խոսքերը խեղաթյուրված են հրապարակվել: Դրանք ուղղակի թարգմանության սխալներ չէին, այլ միտումնավոր գործողություններ: Օգնականները և թարգմանիչները, ովքեր օգնում են մեր առաքելություններին, պետք է լինեն քաղաքականապես չեզոք: Մենք պետք է հատուկ ընթացակարգեր ներկայացնենք` այս բացարձակ հրամայականն ապահովելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---