ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին Հայաստանում կհայտարարվի նոր ընդդիմադիր դաշինքի ձեւավորման մասին: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը: Հաղորդագրության համաձայն` նոր ընդդիմադիր դաշինքը պաշտոնապես կարձանագրի արեւմտամետ քաղաքական ուղղվածություն: Մասնավորապես կհայտարարվի, որ իշխանության հասնելու դեպքում դաշինքը կձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին: Ռուսաստանի հետ հարաբերությունները, նոր ընդդիմության առաջնորդների կարծիքով, պետք է կառուցվեն «հավասարը հավասարի հետ» համագործակցության սկզբունքով: Ըստ նախնական տեղեկատվության` նոր դաշինքի ձեւավորման հայտարարության տեքստը նախ ստորագրելու են «Ժառանգ» կուսակցության առաջնորդ, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Զ.Սարգսյանը եւ Ազատական առաջադիմական կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը: Չի բացառվում նաեւ, որ հայտարարությանը կմիանա Ժողովրդական կուսակցության եւ ներկայիս «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս առնչությամբ առայժմ կան որոշակի անորոշություններ: Անորոշություններ կան նաեւ Ա.Զ.Սարգսյանի հետ կապված, ում շրջապատում ուժեղ է ռուսամետ կողմնորոշում ունեցող թեւը: 20-ից ավելի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ըստ թերթի, կմիանան նոր դաշինքին ավելի ուշ: Առայժմ անորոշ է նաեւ նախկին կառավարող կուսակցության` ՀՀՇ-ի դաշինքին պաշտոնապես միանալու հեռանկարները: Ինչպես տեղեկացնում է թերթը, նոր դաշինքի ներկայացուցիչները խոստանում են, որ իշխաանության հասնելու դեպքում «կլուծեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նվազագույն կորուստներով»: Ինչ է նշանակում այդ տարտամ ձեւակերպումը` առայժմ անհասկանալի է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---