Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է

Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից.  Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել գյուղապետարանում։ Նրանք դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից։

«Մենք ուզում ենք ասել, որ մեզ փոխհատուցում պետք չի, թող անտեղի ծախս չանեն, մենք մեր հողը չենք ծախում»,–գյուղապպետարանում ասել է բնակիչներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։

Մյուսն էլ հավելել է, որ իրենք ծախված չեն, որ հող ծախեն։

Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը, թե Կիրանցի 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել գյուղի համար, կվերադարձվեն, բնակիչները դրական չեն համարում։ Նրանց խոսքով` այդ հողերն իրենցն են եղել ու այնպես չէ, որ Ադրբեջանը դրանք հետ է վերադարձնում։

Գյուղացիների խոսքով` մայիսի 15–ի առավոտյան ԱԱԾ–ից եկել են գյուղ, որ քարտեզների հետ ծանոթանան, հասկանան, թե գյուղացիներից ում տունն է մնալու թշնամուն, որպեսզի կարողանան բանակցել փոխհատուցման համար։

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին կանգնել: Այդ մասին Շահինյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասել է գյուղապետը։

Գյուղացիներն էլ նշել են, որ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։

«Դու մեզ միացի, մենք էլ քո հետ ենք։ Հրաժարական տալ պետք չի»,–ասել են հավաքված կիրանցիները։

Գյուղապետը դիմել է բնակիչներին և հայտնել, որ ՀՀ կառավարությունից ներկայացուցիչ է գալիս Իջևան և ուզում է բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել։

«Եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասել է Շահինյանը։ Բնակիչներն էլ հայտարարել են, որ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ ասելիք ունեն։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---