ԱՌԱՅԺՄ ՎԱՂ Է ՄՏԱԾԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Առայժմ վաղ է մտածել փախստականների Ղարաբաղ վերադարձի մասին, «Երկիր» շաբաթերի կայքում օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` եթե դրվում է ադրբեջանցիների Ղարաբաղ վերադանալու հարցը, բնական է, հայկական կողմը պետք է պահանջի, որպեսզի իրենց նախկին բնակավայրերը վերադառնան հայ փախստականներն այն շրջաններից, որոնք Ադրբեջանը բռնի միացրել է իր տարածքին: «Եթե խնդիրն սկսենք կարգավորել այս հարցից, ապա դա նոր հակամարտությունների առիթ կհանդիսանա, կարող են վերսկսվել պատերազմական գործողությունները: Այսինքն, ես կարծում եմ, այս փուլում պետք չէ նման խնդիր դնել եւ դեռ ավելին` իրագործել: Այս հարցին կարելի է վերադառնալ հակամարտության կարգավորումից հետո` գիտակցաբար: Գուցե այդ ժամանակ Հայաստանում կբնակվեն շատ ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանում` շատ հայեր»,- նշել է նախարարը: Անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքների հարցին` Ս.Սարգսյանը նշել է, որ այստեղ կա սկզբունքային հարց` փորձ է կատարվում հավասարման նշան դնել Ղարաբաղի եւ Նախիջեւանի միջեւ, որը «Իմ կողմից անընդունելի է, քանզի Ղարաբաղն անկլավային է, իսկ Նախիջեւանը` ոչ, այն պարզ պատճառով, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի եւ Իրանի հետ»: Այս դեպքում չի կարելի միջանցքների մասին հարց բարձրացնել: «Եթե խոսքը գնում է հաղորդակցությունների մասին, ապա մենք, բնականաբար, պարտավոր ենք հարգել Նախիջեւանի հետ ադրբեջանցիների անարգել շփման իրավունքը: Դա տեխնիկական խնդիր է եւ ունի համապատասխան լուծում»,- հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---