ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՎԱՂՈՒՑ ԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԻՑՍ ԵՄ ԱՍԵԼ ՀԱՅԵՐԻՆ, ՈՐ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԱՌԱՋԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ, ՈՎՔԵՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԴԻՐՔ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ»

PanARMENIAN.Net - «Զգացմունքային գործոնները, անշուշտ, պակաս դեր չեն խաղում: Այդ իմաստով իսկապես չարժե, որ հայերը պարծենան իրենց հաղթանակներով: Առավել եւս, որ հակամարտությունից տուժել եւ շարունակում են տուժել բոլոր կողմերն անխտիր»,- «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` ցանկալի է հավատալ, որ երկու ժողովուրդն էլ սպասում են մի առաջնորդի, որը կհամարձակվեր բաց ճակատով հանդես գալ հայերի եւ ադրբեջանցիների պատմական հաշտեցման օգտին: « Վաղուց եմ կարծում եւ բազմիցս ասել եմ հայերին, որ բարի կամքի առաջին դրսեւորումը պետք է լինի նրանց կողմից, ովքեր հակամարտության ընթացքում ավելի ակտիվ դիրք են ունեցել: Թեեւ, իհարկե, հարկավոր է համեմատաբար բարենպաստ իրադրություն»,- նշել է դիվանագետը: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ պետք է առաջնորդվի Նրա մակարդակի դիվանագետը Ղարաբաղյան հիմնահարցի նման խնդիրներ լուծելիս` հաշվի առնելով այն, որ Բաքուն ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայումս հիմնականում ապավինում է ուժային տարբերակին` Վ.Կազիմիրովը կարծիք է հայտնել, որ ցանկացած դիվանագետ, որին վստահվել է միջնորդական առաքելություն, պետք է, նախեւառաջ, ձգտի հակամարտությունը ռազմի դաշտից բանակցությունների սեղանի շուրջ տեղափոխել (դա հաջողվեց 1994 թվականին), իսկ հետո համոզելու միջոցներով պայքարել կողմերի դիրքորոշումների ծայրահեղությունների դեմ` վեճերը տանելով իրատեսության եւ չափավորության հունով, քանի որ առանց փոխադարձ զիջումների, համաձայնություններ պարզապես չեն լինում: Սակայն, միաժամանակ, առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ ցուցաբերել ռազմի դաշտ վերադառնալու ռեցիդիվներին, ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---