ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵԱՀԿ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԱՆՎԱՆԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, քաղաքագետ Այդին Միրզազադեն կարծիք է հայտնել, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը Ադրբեջանի օգտին է, քանի որ հարցը բարձրացրել է ադրբեջանական կողմը, որը բազմաթիվ փաստեր ունի Ղարաբաղի բնակեցման վերաբերյալ: Ա.Միրզազադեն ընդգծել է, որ բնակչության տեղաբաշխումը այդ տարածքներում «հակասում է միջազգային կոնվենցիաներին, նշելով, որ առաջին հերթին անհրաժեշտ էր այդ տարածքներում նորմալ պայմաններ ստեղծել բնակության համար, իսկ հայկական կողմը դա չի արել, հակառակը, վտարել է տեղի բնակչությանը` զրկելով նրան ունեցվածքից»: «Հայաստանը ձգտում էր, որ առաքելության աշխատանքը ձախողվի: Սակայն առաքելությունը փաստորեն հաստատել է մեր կառավարության կողմից ներկայացված փաստերը` այնտեղ Ադրբեջանի քաղաքացիություն չունեցող անձանց բնակեցման մասին: Առաքելության աշխատանքի ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նոր պայմաններ էին առաջ քաշում: Սկզբում ասում էին, որ նման փաստեր չկան, հետո` թե այդ աշխատանքը կշարունակվի: Դա ցույց է տալիս ադրբեջանական կողմի իրավացիությունը իր հայտարարություններում»,-նշել է նա: Քաղաքագետը գնահատել է առաքելության եզրակացությունն այն մասին, թե բնակեցումը չի իրականացվում Հայաստանի կողմից, որպես քաղաքական հայտարարություն: Նրա կարծիքով, «այդ իրականությունից հեռու թեզը ուղղված է Հայաստանին շահավետ դիրքերում պահելուն»: Ա.Միրզազադեն ասել է, որ «այդ գործընթացին Հայաստանի մասնակցության փաստացի ապացույցները կներկայացվեն դրանք հետագա փուլերում ուսումնասիրելու պահանջով»: Նրա խոսքերով, «իրականությանը չհամապտասխանող առաքելության զեկույցի այլ թեզերը պարզաբանել են շատ պահեր»: «Առաջինը, տեսանելի է դարձել, որ Հայաստանից դուրս բնակվող հայերը հակված չեն ապրելու եւ այդ երկրում, եւ գրավյալ Լեռնային Ղարաբաղում: Գրավյալ տարածքներից արտաքսվել է շուրջ մեկ միլիոն մարդ, հետեւաբար, մարդկանց հենց նման քանակ պետք է այնտեղ բնակվի նորմալ տնտեսություն վարելու համար: Փաստահավաք առաքելությունը հայտարարել է, թե վերաբնակեցվել է շուրջ 3 հազար մարդ, դա նշանակում է, որ առկա է մարդկանց դեֆիցիտ: Հայկական սփյուռքը նույնպես շահագրգռված չէ այդ հողերի բնակեցմամբ: Անհասկանալի են մնում Հայաստանի զավթողական քաղաքականության պատճառները, որի բնակչությունը մեկնում է արտերկիր, եւ որը չի կարողանում օգուտ քաղել գրավյալ հողերից»,-հայտարարել է Ա.Միրզազադեն:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---