ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ Է ՊԱՏՐԱՍՏ ԳՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - «Իմ համար ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, փոխզիջումների հիմքի վրա»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երեւանում ընթացող «Լեռնային Ղարաբաղի խնդիր. կարգավորման ուղիներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հաղորդում է Արմենպրես գործակալությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ հայկական կողմը: «Սկզբունքային փոխզիջման որակում մենք քննարկում ենք այն փաստը, որ Հայաստանն առայժմ պաշտոնապես չի ճանաչել Լեռնային ղարաբաղի Հանրապետությունը, չնայած ԼՂՀ-ն ձեւավորվել է օրենքների պահպանումով եւ երկար տարիներ գոյություն ունի որպես անկախ ժողովրդավարական պետություն: Դա բարի կամքի դրսեւորում է, որի նպատակն է աջակցել խաղաղ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում»,- նշել է Ս.Սարգսյան: Երկրորդ փոխզիջման որակում նախագահն անվանել է Եվրախորհրդի 1416 բանաձեւի այն դրույթը, որ պետությունից (Ադրբեջանից) տարածքի (Լեռնային Ղարաբաղ) անկախության ձեռքբերումը պարտադիր կարգով պետք է լուծվի բացառապես տվյալ տարածքի բնակչության ժողովրդավարական կամքի արտահայտման օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով: Նշված ենթատեքստում Ս.Սարգսյանն ընդգծել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վ.Լելյուշի առաջարկությունը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ինքնորոշման հարցի առնչությամբ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության շրջանում լրացուցիչ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին: «Մեր կարծիքով, երկրորդ սկզբունքային փոխզիջումը կարող է հիմնված լինել հենց այդ առաջարկության վրա,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը,- Հայկական կողմը կարող է համաձայնվել այն բանին, որ նախկին ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում, նրանց ներկայիս բնակավայրերում անցկացվի լրացուցիչ հանրաքվե»: Անդրադառնալով երրորդ փոխզիջմանը, Ս.Սարգսյանը նշել է, որ բանակցությունները կարելի է անցկացնել անվտանգության գոտու շուրջ: «Ես կողմնակից չեմ անվտանգության գոտի կազմող տարածքները վերադարձնելուն առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցերը: Սակայն ինձ թվում է, բանակցությունների ճանապարհով կարելի է որոշ փոխզիջումների գնալ, պայմանով, որ ադրբեջանական կողմը կներկայացնի պատերազմը չվերսկսելու հստակ երաշխիքներ, որոնք կհաստատվեն նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ պետությունների երաշխիքներով»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---