ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅՈՎ

PanARMENIAN.Net - «Պնդելով բացառապես Երեւանի հետ բանակցությունները, Բաքուն փորձում է աշխարհին ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր երկիր է եւ պահանջում է նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Մենք փորձում ենք կարգավորել հակամարտությունը, իսկ ադրբեջանական կողմը զբաղվում է պրոպագանդայով»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Մեկնաբանելով Բաքվի` ՄԱԿ-ում տարածքների խնդիրը կրկին բարձրացնելու ծրագրերը, Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի նման նախաձեռնությունները այն մտքին են հանգեցնում, որ Բաքուն պատրաստ չէ հարցի կարգավորմանը եւ փորձում է միայն խոչընդոտել խնդրի լուծմանը` ձգձգելով բանակցային գործընթացը: Անդրադառնալով բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության հեռանկարին` ԼՂ ղեկավարը հիշեցրել է, որ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի վեհաժողովը արձանագրել է, որ ՄԽ համանախագահները կազմակերպեն բանակցություններ հակամարտության երեք կողմերի մասնակցությամբ: «Այսօր այդ գործընթացը չկա, կան միայն շփումներ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ տարբեր մակարդակներում, որը շատ կարեւոր է: Ցանկացած շփում շատ կարեւոր է, սակայն դա չի կարող փոխարինել բանակցային գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծել է Ղուկասյանը` վստահություն հայտնելով, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցություններ վարել ԼՂ-ի հետ, քանզի առանց դրա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի: Նրա խոսքերով` ղարաբաղյան կողմն ունի անհրաժեշտ կադրային եւ ինտելեկտուալ ներուժ` բանակցային գործընթացին մասնակցելու համար: Պատասխանելով զիջումենրի հարցին` ԼՂ նախագահը նշել է. «Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող եւ ամենաշատը, ինչին կարող է հավակնել Լեռնային Ղարաբաղը` դա ինքնավարություն է, մեր կողմից որեւէ զիջումներ անելու մասին խոսելն անիմաստ է, մեր զիջումները կախված կլինեն ադրբեջանական զիջումներից, դրանք չեն կարող լինել միակողմանի»: Նրա խոսքերով` խոսել զիջումների մասին անիմաստ է նաեւ այն պատճառով, որ ակտիվ բանակցային գործընթաց չկա: «Այսօր Լեռնային Ղարաբաղ կայացած պետությունը ճանաչված չէ, սակայն մենք ունենք բանակ, խորհրդարան, կառավարություն»,- ավելացրել է նա: ԼՂ ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի քաղաքական հարթության վրա: Նա նաեւ ընդգծել է, որ եթե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը կայանա, ապա որեւիցե փաստաթուղթ չի ստորագրվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---