«Հայկական ժամանակ». Պուտինի պատվիրակության կազմում Հայաստան է գալու նաև Կարեն Կարապետյանը

«Հայկական ժամանակ».  Պուտինի պատվիրակության կազմում Հայաստան է գալու նաև Կարեն Կարապետյանը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերևս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Պուտինը ՀՀ պետք է գար սեպտեմբերին` մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: ՀՀ-ում ՌԴ դեսպանը, զորավարժություններից մի քանի օր անց, հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է: Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին` նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը:

Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ոուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն է:

Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը:

Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում:

Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանը, ինչպես արդեն գրել է թերթը, վարչապետի ընդունելի թեկնածու է և´ ՀՀԿ-ի, և´ ԲՀԿ-ի համար:

Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ հետաձգվել է նաև Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նախատեսված էր, որ այցը կայանալու է առաջիկա հոկտեմբերի 14-15-ին, իսկ Անկարայից ՌԴ նախագահը մտադիր էր մեկնել Բաքու: Երեկ տեղի է ունեցել Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում, Պուտինի նախաձեռնությամբ, որոշվել է այցը հետաձգել մինչև նոյեմբեր: Սա նշանակում է, որ ՌԴ նախագահը նախընտրել է պահպանել պարիտետը և նոյեմբերին տարածաշրջանային այց կատարել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---