Իտալիայի խորհրդարանում քննարկում են օրինագիծ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին

Իտալիայի խորհրդարանում քննարկում են օրինագիծ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին, ովքեր ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարևորեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշեց, որ այն առաջինն է բարեկամության խմբերի մակարդակով և, վստահաբար, նոր էջ կբացի ինչպես առհասարակ հայ-իտալական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունները ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Նրա համոզմամբ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձևաչափերը, այդ թվում փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու հրավերի համար և կարևորեց նման հանդիպումները միջպետական և միջխորհրդարանական կապերը զարգացնելու առումով: Տիկին Ձամպան բարձր գնահատեց հայ ժողովրդի ներդրումը եվրոպական և մասնավորապես իտալական մշակույթի,գիտության, տնտեսության և այլ ոլորտներում: Նրա խոսքով հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի և տնտեսության մեջ: «Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում և պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը»,-նշեց իտալացի պատգամավորը: Սանդրա Ձամպան տեղեկացրեց, որ Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը Իտալիայում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը և իր այս քայլով Ադրբեջանը հեթական անգամ վտանգում է տարածաշրջանային փխրուն անվտագությունը, ոտնահարում միջագային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի տանելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը: «Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախա•ահների միջնորդությամբ ընթացող գործընթացին»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող և խիստ միակողմանի բնույթ կրող բանաձևը: Ինչին ի պատասխան տիկին Ձամպան նշեց, որ ադրբեջանամետ բանաձևը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ և չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում: Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---