ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Եժի Յասկերնիային, Ժորժ Կոլոմբիեին եւ հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովային, տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Եժի Յասկերնիան շնորհավորել է Անդրանիկ Մարգարյանին` վարչապետի պաշտոնավարման հինգ տարին լրանալու առիթով: Իր հերթին, Ժորժ Կոլումբիեն նշել է, որ համաձայնել է ստանձնել Հայաստանի վերաբերյալ համազեկուցողի պարտականությունները, քանզի լավատեղյակ է Հայաստանի խնդիրներին ու պատմությանը, ինչպես նաեւ եղել է Ֆրանսիայի խորհրդարանի այն պատգամավորների թվում, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԽ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցեր: Ա.Մարգարյանը նշել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղին ընտրած Հայաստանը հետեւողական է իր ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում: Հյուրերի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է երկրի ներկա վիճակն ու սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի հարցին` Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ մշակվել եւ ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն ծրագիրը, որով նախատեսված միջոցառումները 2003-2004 թվականներին ամբողջությամբ կատարվել են: Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եւ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման դիտարկման հանձնաժողովը: Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին` Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ օրերս ՀՀ խորհրդարանն իր արտահերթ նիստում ընդունել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Վարչապետը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ դիտողությունները, որոնք կարվեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում եւ քննարկումները` հաշվի կառնվեն եւ կլրամշակվեն մինչեւ երկրորդ ընթերցման քննարկումները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---