«Հանրապետական» խմբակցությունը հնարավոր է՝ հայտնվի Սահմանադրական դատարանում

«Հանրապետական» խմբակցությունը հնարավոր է՝ հայտնվի Սահմանադրական դատարանում

PanARMENIAN.Net - ԱԺ շենքի դիմաց բողոքում են ՀԱԿ ակտիվիստներն ու համախոհները: «Հանրապետական» խմբակցությունից նրանք պահանջում են քվորում ապահովել ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին:

Ակցիայի մասնակիցների հետ խոսելու եկած ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ չի ներկայացել նիստին, ինչը ցույց է տալիս, որ նրանք ոչ մի դեպքում արդար ընտրությունների կողմնակիցը չեն:

Նրա խոսքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսն» ու Դաշնակցությունը նիստ են հրավիրել՝ իրենց հետագա քայլերը որոշելու համար: Քննարկվելու է, թե արդյոք ՀՀԿ-ի` նիստին չներկայանալը կարո՞ղ է համարվել հակասահմանադրական: Եթե այդպես լինի, դիմելու են Սահմանադրական դատարան: ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին դիմելու առաջարկ ևս կա: Նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին կորոշեն հետագա անելիքները:

Լևոն Զուրաբյանի խոսքով իշխանությունները արհամարհեցին Սահմանադրությունը. «Այնպես որ մնում է միայն ժողովրդի ուժով ոտքի կանգնել և պարտադրել այս ռեժիմի կապիտուլյացիան», - ասաց նա:

«Բացարձակապես անընդունելի է, որ իշխող քաղաքական ուժը, օգտագործելով իր մեծամասնության լծակները, հնարավորություն չի ընձեռում, որպեսզի խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը կարողանան այսօր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցը բարձրացնել ԱԺ-ում և նախագահական ընտրությունների նախաշեմին քննարկել Ընտրական օրենսգիրքը` դրանում հրատապ ու անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար»,- ասաց նրանց միացած Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով իրեք նեղ կուսակցական շահերը մի կողմ պիտի դնեն և առաջնորդվեն ազգի շահերով, համախմբվենք և միասնական օրակարգով հանդես գան:

«Ինչու չէ` Աստված տա միասնական թեկնածուով հանդես գանք»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նշենք, որ քվորում չապահովելու պատճառով չկայացած արտահերթ նիստին նախատեսվում էր քննարկել Ընտրական օրենսգրքում ՀԱԿ-ի առաջարկած փոփոխությունների փաթեթը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---