Երևանում տեղի ունեցավ Լևոն Արոնյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Երևանում տեղի ունեցավ Լևոն Արոնյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ հայ անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը շախմատիստի մայրն է` Սեդա Արոնովա-Ավագյանը: Ինչպես նա նշեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, գրքում տեղ են գտել հուշեր Արոնյանի մանկության մասին: «Գրի եմ առել իմ 20 տարվա հիշողությունները Լևոնի շախմատային կյանքի մասին` համատեղելով ամսագրերից ու թերթերից պահված կտորների հետ, և այս գիրքը նվիրում եմ որդուս 30-ամյակին»,- նշեց նա:

Գիրքը լույս է տեսել 3000 տպաքանակով և ռուսերեն է: Հեղինակը նշեց, որ չի ցանկացել հայերեն թարգմանության ժամանակ աղավաղել Լևոնի խոսքերը, դրա համար էլ գրել է ռուսերեն, ինչպես նաև նպատակ ունի գիրքը ներկայացնել ռուս ընթերցողներին:

Բացի այդ, Սեդա Արոնովա-Ավագյանը նախատեսում է գրել նաև երկրորդ գիրքը, որտեղ ավելի մանրամասն կներկայացնի Արոնյանի ձեռքբերումների և նվաճած մեդալների մասին: «Առաջին գրքում ես նպատակ ունեի ներկայացնել Լևոնի ավելի վաղ տարիքը, և կարծում եմ, որ Լևոնն իրոք արժանի է, որպեսզի իր մասին գիրք գրվի»,- ասաց Սեդա Արոնովա-Ավագյանը:

Արոնյանն ինքը նշեց, որ շատ շնորհակալ է իր մայրիկին, որը վերհիշել և ընթերցողներին է ներկայացրել իր մանկությունը. «Գրքում կան այնպիսի մանրամասներ, որոնց մասին ես նույնիսկ չէի հիշում, և, իհարկե, հաճելի է, որ իմ մայրիկն ինձ նման նվեր է մատուցել»:

Գրքի շնորհանդեսին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում Սեդա Արոնովա-Ավագյանը նվիրեց գրքի առաջին օրինակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---