ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԲԱՔՈՒՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ «ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ»

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների վերատեղակայման հարցը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սպառնացել է Ռուսաստանին «պատասխան միջոցներով»: Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի կողմից «հակամիջոցների» կիրառման մասին կարծիք կա, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Սակայն նա չի պարզաբանել, թե ինչում են դրանք կայանում: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները շատ են գրում Գաբալինի ՌԼԿ վարձակալման հարցում Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունից Ադրբեջանի հնարավոր հրաժարվելու մասին: Մինչ այդ «պատասխան միջոցների» մասին արդեն ակնարկում էր նաեւ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, որը հայտարարել էր, որ «մենք, բնականաբար, մեր քաղաքականությունում որոշակի եզրակացություններ կանենք»: Ինչպես գրում է «Զերկալո» թերթը, Ադրբեջանի պատասխան միջոցները կարող են լինել Գաբալինի ՌԼԿ վարձակալման մասին պայմանագրի չեղյալ հայտարարելը կամ «արագ հակազդման ժամանակավոր ուժերի» եւ «կասպիական պահապանների» տեսքով երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղաբաշխումը: Ընդ որում այդ տարբերակները փոխբացառող չեն, այլ կարող են լրացնել միմյանց: «Ամեն դեպքում, Ադրբեջանի արտգործնախարարն արդեն արել է պաշտոնական հայտարարություն: Մնում է սպասել «պատասխան քայլերի» եւ, դրանց կշռից կախված, անել կոնկրետ հետեւություններ, թե որքանով է «լայն քայլում Ադրբեջանը»,- գրում է «Զերկալո» թերթը: Միեւնույն ժամանակ, հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է «Նեզավիսիմայա գազետային», որ «Գաբալինի ՌԼԿ-ն չի փակվի մինչեւ երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրի ժամկետի ավարտը, որը ռուսաստանյան օբյեկտի համար նախատեսում է բավականին բարենպաստ ֆինանսական եւ այլ պայմանների գործունեություն: Ինչ վերաբերում է ՌԼԿ հետագա հեռանկարներին, ապա չի բացառվում, որ պայմանագրի ժամկետի ավարտին այն կլուծարվի: Դրա օգտին է խոսում Ադրբեջանի ավելի սերտ համագործակցությունը Թուրքիայի, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի հետ, որն իրականացվում է առանց Ռուսաստանի եւ նրա ռազմակայանի վրա ուշադրություն դարձնելու»: Ինչ վերաբերում է Կովկասում ռուսաստանյան տեխնիկայի քանակին, ապա այն, Ռասիմ Մուսաբեկովի խոսքերով` որոշվում է Եվրոպայում զինված ուժերի մասին պայմանագրով` ստորագրված եվրոպական պետությունների ղեկավարների Ստամբուլյան վեհաժողովում եւ, մասնավորապես, ընդհանուր կողմային սահմանափակումներով: «Եվ Հարավային Կովկասի որ երկրում է հատկապես տեղակայված այդ տեխնիկան` Հայաստանում, թե Վրաստանում, այդ փաստաթուղթն ստորագրողների համար նշանակություն չունի: Ռուսաստանը կտեղակայի այն Հայաստանում վրացական քվոտայի հաշվին: Այսինքն` ձեւականորեն Ռուսաստանի համար ոչինչ չի փոխվում, ինչպես, ի դեպ, Ադրբեջանի համար: Մի՞ թե Ախալքալակի ռազմակայանում ծառայողների զգալի մասն ազգությամբ հայ չի: Հարցն այլ է: Ավելի վաղ Հայաստանին աջակցությունն իրականացվում էր ոչ այնքան բացահայտ, իսկ այժմ դա արվում է բացահայտորեն: Ռուսաստանը Հայաստանում իր մեծ ռազմական ներկայությամբ կարծես պաշտպանում է նրան Թուրքիայից եւ խթանում նրա ոչ կառուցողական դերը տարածաշրջանում»,- նշել է Ռասիմ Մուսաբեկովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---