DEUTSCHEWELLE. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Երկիրը, որն ավելի քան 80 տարի կողմնորոշվում է դեպի Եվրոպա, իսկ ներկայումս համառորեն ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ուղղակի պարտավոր է իր մեջ ուժ եւ ազնվություն գտնել` ճանաչելու պատասխանատվությունը իր պետականության կայանալու մռայլ էջերի համար, տեղեկացնում է Deutschewelle-ն: Սակայն առաջադեմ թուրք քաղաքական գործիչներին այդ որակավորումը մինչեւ հիմա չի բավարարում: Դրա վկայությունը վրդովմունքն է` Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչման առիթով: Հունիսի 17-ին Բունդեսթագը կոչ էր արել Թուրքիային ճանաչել պատմական պատասխանատվությունը Օսմանյան Կայսրությունում հայերի բռնի տեղահանման եւ զանգվածային սպանությունների համար: Համապատասխան բանաձեւն ընդունվել էր Գերմանիայի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կողմից: Սակայն Անկարան շատ կտրուկ կերպով մերժել էր այդ կոչը: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը դա «վիրավորական» է անվանել Թուրքիայի եւ Գերմանիայում բնակվող թուրքերի համար: Անհասկանալի է, թե ինչու են 90-ամյա վաղեմություն ունեցող այդ ողբերգական իրադարձությունները որպես փորձաքար ծառայում ժամանակակից քաղաքականությունում: Ոչ ոք չի կարող ճշգրտորեն ասել, քանի հայ է ոչնչացվել 90 տարի առաջ, սակայն փաստը մնում է փաստ, որ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել Օսմանյան Կայսրությունում, իսկ ներկայիս Թուրքիան նրա իրավահաջորդն է: Այդ տարիների ողբերգական իրադարձությունների համար Անկարան ուղիղ պատասխանատվություն չի կրում: Գերմանացի խորհրդարանականները միաձայն կոչ են արել Թուրքիային` վերջապես, բաց եւ առանց տաբուի քննարկել հայերի բռնի տեղահանումն ու զանգվածային սպանությունները: Ոչ ոք նպատակ չի դրել «վիրավորել» թուրք ժողովրդին: Եվ դժվար թե պատգամավորներից որեւէ մեկը, քվեարկելով բանաձեւի օգտին, ցանկանար վնաս հասցնել թուրք-գերմանական հարաբերություններին կամ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության դեմ եւս մեկ փաստարկ գտնել: Խոսքը գնում է միայն պատմական փաստերի ճանաչման եւ երկու երկրների հաշտության մասին: Այդ հաշտեցմամբ պետք շահագրգռված լինի եւ Թուրքիան եւ Հայաստանը: Տասնյակ տարիներ շարունակ Անկարան լռել է կամ վրդովմունքով հերքել իր պատասխանատվությունը հայկական հարցում: «Հայաստանը նույնպես չի շտապում ձեռքմեկնման քայլեր ձեռնարկել: Երեւանը մինչեւ հիմա չի տվել միանշանակ պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկության վերաբերյալ: Եվ հայկական կողմին դժվար չէ հասկանալ` ինչ իմաստ ունի ստեղծել հանձնաժողով, որին նախապես պարտադրվում է վեջնական եզրակացություն. «Ոչ մի հայոց ցեղասպանություն չի եղել»: Սակայն Գերմանիան կարողանում է ընդունել սխալները եւ կարելի է միայն ողջունել այն փաստը, որ գերմանացի խորհրդարանականներն իրենց բանաձեւում ճանաչում են նաեւ Գերմանիայի խայտառակ դերը 1915-1916 թվականների իրադարձություններում»,- նշվում է հրապարակությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---