ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ «ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻ»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, որն անցկացվում էր Վաշինգթոնում, ելույթ է ունեցել Հայաստանի պատգամավորական պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը:Վահան Հովհաննսսիյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես այսօր կցանկանայի կարճ տեղեկացնել Վեհաժողովին Հայաստանի եւ Հարավային Կովկասի ներկա քաղաքական իրավիճակի կարեւորագույն տարրերի եւ վերջին զարգացումների մասին: Բայց նախ` կցանկանայի նշել, որ այս տարվա ապրիլին ամբողջ հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, որն իրականացրեցին Օսմանյան Թուրքիայի ղեկավարները` 1915 թվականից սկսած: Կարծում եմ չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մեր տարածաշրջանի զարգացումների մեծ մասը հետեւանք են հենց այս ողբերգական իրադարձությունների: Այս առթիվ Հայաստանի պատվիրակությունը ցանկանում է իր խորին երախտագիտությունը հայտնել ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդարաններին եւ ժողովուրդներին, որոնք իրենց մեջ լուռ չմնալու քաջություն գտան եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր ընդունեցին: Այդ երկրներն են Կիպրոսը, Կանադան, Ռուսաստանը, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Սլովակիան, Հոլանդիան, Լեհաստանը եւ Գերմանիան: Նրանց գործողությունները կարեւոր քայլ են, որոնք մղում են բոլոր կառավարություններին եւ խորհրդարաններին սթափ մնալ նոր ցեղասպանությունների վտանգի առջեւ եւ զգուշանալ, գործնական միջոցներ ձեռնարկել աշխարհի որեւէ մասում հնարավոր ցեղասպանությունները կանխելու համար: Սա հատկապես կարեւոր է այսօր, երբ մեր հարեւան Թուրքիան փորձում է անդամագրվել Եվրամիությանը, միաժամանակ միակողմանիորեն շրջափակման մեջ պահելով Հայաստանի Հանրապետությունը, եւ հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հարգելի գործընկերներ, երկու շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991-ի անկախությունից ի վեր չորրորդ անգամ անցկացրեց խորհրդարանական ընտրություններ: Ինչպես իրենց զեկույցներում հայտարարեցին բազմաթիվ միջազգային դիտորդներ, ընտրությունները ազատ եւ թափանցիկ էին: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ երկրների անկախ դիտորդներին, ովքեր այդպիսի կարեւոր աշխատանք տարան միջազգային կազմակերպությունների, օրինակ` մեր հարգարժան Վեհաժողովի փոխարեն, ընտրությունները մոնիտորինգի ենթարկելու նրանց գերազանց ջանքերի եւ արդարացի ու անկողմնակալ վերաբերմունքի համար: Նրանց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող համարվել «անօրինականությունների գոտի»: Ղարաբաղի որոշ հարեւաններ շատ բան կարող են սովորել Ղարաբաղի` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու փորձից: Հարգելի՛ գործընկերներ, մենք ականատես եղանք Աբխազիայի եւ Մոլդովայի վերաբերյալ բանաձեւերի ընդունմանը: Մենք տեսանք, թե ինչպիսի բուռն քննարկումների տեղիք տվեցին դրանք: Բայց դրանք մի ընդհանուր բան ունեն. թե՛ Վրաստանի եւ թե՛ Մոլդովայի իշխանությունները այս հակամարտությունները լուծելու անկեղծ մղումով ուղղակիորեն բանակցում են Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի իշխանությունների հետ եւ պատրաստ են հետագայում էլ շարունակել բանակցությունները: Հետեւաբար մենք չենք կարող հասկանալ, թե ինչու նույնը չեն կարող անել Ադրբեջանի իշխանությունները եւ փորձել Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ վերականգնել հարաբերությունները, ինչպես առաջարկում է պրն Լենմարկերն իր զեկույցում: Ես կուզենայի օգտագործել այս առիթը եւ միանալ մեր հարգելի նախագահի բարձր գնահատականներին այն հիանալի աշխատանքի համար, որ արել է Լեռնային Ղարաբաղի հատուկ ներկայացուցիչ Գ. Լենմարկերը, որի տեսակետները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարող են հիմք ծառայել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների միջեւ ապագա համագործակցության համար: Եվ վերջում ես կցանկանայի նշել, որ այս տարվա սկզբին Հայաստանի խորհրդարանը փոփոխեց Ընտրական օրենսգիրքը` այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ողջունեց դա: Հայաստանի քաղաքական կուսակցությունները վերջապես համաձայնության եկան սահմանադրական բարեփոխումների շուրջ` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան: Ես ուրախությամբ հայտնում եմ, որ այս ձեռքբերումը Եվրոպայի խորհրդի նկատմամբ ստանձնած մեր պարտավորությունների կատարումն է:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---