ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի առավելապես հայաբնակ Սամցխե Ջավախքի շրջանի հայ բնակչությունը պահանջներ է ներկայացրել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելուն եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որը Վրաստանում էր գտնվում երկօրյա աշխատանքային այցով: Մասնավորապես, այդ տարածաշրջանի հայությունը պահանջում է «դադարեցնել տարածաշրջանի (Սամցխե Ջավախք եւ Ծալկայի շրջան)հայերի հանդեպ խտրականության քաղաքականությունը, հայոց լեզվին տրամադրել տարածաշրջանային լեզվի կարգավիճակ Ջավախքի տարածքում, պահպանել Վրաստանի հայկական դպրոցներում մայրենի` հայոց լեզվով դասավանդման ավանդույթը, Վրաստանի հայկական դպրոցների դասավանդման պարտադիր ծրագրի մեջ ընդգրկել «Հայ ժողովրդի պատմություն» առարկան, դադարեցնել հազարամյա հայ մշակութային ժառանգության վրացիացման եւ ոչնչացման պետական քաղաքականությունը, վերադարձնել հայկական Սուրբ Նշան եկեղեցին, շուտափույթ կառուցել Ջավախքը Հայաստանի եւ Թբիլիսիի հետ կապող ճանապարհները, ինչը կբերի տնտեսության աշխուժացմանը, գրանցել «Վիրք» կուսակցությունը: Նշենք, որ հուլիսի 24-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել էր Վրաստան երկօրյա աշխատանքային այցով: Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը այցելել է հայաբնակ Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքները, Վարդզիյա վանական համալիրը, հայկական Սամսար գյուղը, որտեղ վերջերս միջադեպ էր եղել տեղաբնակների եւ վրացի ուսանողների միջեւ: Մարգարյանը եւ Նողաիդելին այցելել են նաեւ Գանձա գյուղը, որտեղ գտնվում է հայ բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարանը, այցելել է տեղի եկեղեցին եւ կառուցվող դպրոցը: Այսօր Թբիլիսիյում Անդրանիկ Մարգարյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---