Կայացել Է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի առաջին նիստը

Կայացել Է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի առաջին նիստը

PanARMENIAN.Net - Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013 թվականի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված էր 5 հիմնական հարց:

Համաձայն օրակարգի, ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը ներկայացրեց վերջին շրջանում Եվրոպայի հայ համայնքների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Ներկայացվեց 2011-2012թթ Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ու ծրագրերը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և մասնագիտական համաժողովներին Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը, ինչպես նաև համայնքներին տրամադրած աջակցությունն, մշակութային միջոցառումների իրականացումը: Այս մասին հաղորդում է մամուլի եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը իր զեկույցում ներկայացրեց ««Արի տուն» 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նա նշեց, որ Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` Հայաստան-Սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը որպես պետական աջակցություն: «Արի տուն» 2013թ ծրագիրը մեկնարկելու է 2013 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև սեպտեմբեր, որի ընթացքում շուրջ 900 երիտասարդներ կայցելեն Հայաստան: 2013թ ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու տարիքային խմբերով՝ 13-16 և 17-20 տարեկանների համար: Շարունակելով զեկույցը Ա.Մխիթարյանը ներկայացրեց «Սփյուռք» ամառային դպրոցի 2013 թվականի ծրագիրը, որը ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի շարքում` որպես հայապահպանության արդյունավետ կերպով նպաստող ծրագիր: 2013թ ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ շարունակելու է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը՝ դասընթացների հինգ ուղղություններով.

Հայոց լեզվի արագացված ուսուցում (2013թ. հուլիսի 8-ից օգոստոսի 2-ը)

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի – ից օգոստոսի 2-ը, 2013 թ.)

Ազգային երգի ու պարի դասընթացներ (հուլիսի 24–ից 2 օգոստոսի 2- ը)

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց( հուլիսի 22- ից օգոստոսի 2-ը)

Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 22-ից օգոստոսի 2- ը, 2013թ)

Ծրագրի կարևորությունը պայմանավորված է հայկական համայնքներում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման, մայրենիի իմացության և համայնքների ինքնակազմակերպման մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել և այն ներդնել համայնքների հայապահպանության գործում:

«2013թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվելիք գիտական և գիտակրթական գործունեության պայմանագրային ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտության վարչության պետ Արման Եղիազարյանը, ով ներկայացրեց 2012թ. վերջին ՀՀ սփյուռքի նախարարի մասնակցությամբ անցկացված քննարկման արդյունքում հաստատված գիտական ուսումնասիրման ենթակա թեմաները: Ուսումնաիրությունները կատարվելու են ԵՊՀ-ի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, ԳԱԱ-ի և ԵՊՄՀ-ի կողմից:

Նիստի ավարտին Հարավային Լատինական Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային խնդիրների լուծման աջակցության ծրագրի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Ռոզա Հովհաննեսյանը, ով ներկայացրեց Լատինական Ամերիկայի հայ համայնքներում ազգային ինքնության ամրապնդման և պահպանման, հայկական կրթօջախներին աջակցության, հայկական պատմամշակութային արժեքների հաշվառման, մշակութային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

ՀՀ Սփյուռքի նախարարին կից ատյանը հավանություն տվեց ներկայացված զեկուցումներին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը` ամփոփելով նիստը նշեց, որ նախարարության աշխատանքները 2013 թվականին պետք է լինեն առավել նպատակային և հետևողական: Նա ասաց, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել Սփյուռքի մասնագիտական ներուժի վերակազմակերպմանը, մայրենի լեզվի պահպանմանը, Հայոց ցեղասպանության ճանաչամանը, հակահայկական քարոզչությանը դիմագրավելուն ուղղված և այլ կարևոր ծրագրերի մշակման և անվերապահ կերպով դրանց իրականացման վրա: Նախարարը վստահեցրեց, որ կան բոլոր նախադրյալները` 2013-ին առավել կազմակերպված և համակարգված աշխատանքի շնորհիվ իրականացնելու նախարարության առջև դրված խնդիրները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---