ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Աբլա Աբդ ալ-Ռահման Օսմանին, տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը ցավակցություն է հայտնել հուլիսի 23-ին եգիպտական տուրիստական կենտրոն Շարմ ալ-Շեյխում կատարված ահաբեկչության կապակցությամբ` ընդգծելով, որ ահաբեկչությունը, իբրեւ համայն մարդկության դեմ ուղղված չարիք, պետք է բոլոր դեպքերում համընդհանուր մտահոգության արժանանա եւ դատապարտվի: Խոսելով հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մասին, Անդրանիկ Մարգարյանը նշել է նրանց բարձր մակարդակը, հատկապես` միջազգային կազմակերպությունների շրջանակներում` ավելացնելով, որ 2003-2004թթ. ընթացքում Հայաստանը բազմիցս քվեարկել է ՄԱկ-ի տարբեր մարմիններում Եգիպտոսի կողմից առաջադրված թեկնածուների ընտրության օգտին, եւ ՄԱԿ-ի նախատեսվող բարեփոխումների շրջանակներում մեր երկիրը պաշտպանում է Անվտանգության Խորհրդում Եգիպտոսի թեկնածությունը: ՀՀ կառավարության ղեկավարը երկկողմ առետրատնտեսական հարաբերությունները համարել է դեռեւս ոչ գոհացուցիչ, միաժամանակ նշելով, որ վերջին շրջանում դրական որոշակի քայլեր այս բնագավառում արվել են եւ շարունակվում են: Իր հերթին, Եգիպտոսի դեսպանը հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը նախատեսվող Ա.Մարգարյանի այցը Եգիպտոս զգալիորեն կնպաստի տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Մանավանդ, որ այդ այցին հետեւելու են Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, Հայ-եգիպտական գործարար համաժողովը եւ երկու երկրների ԱԳՆ միջեւ քաղաքական խորհրդակցությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եգիպտոսի արտգործնախարարության` ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում հայ մասնագետների վերապատրաստման ծրագրին, ինչպես նաեւ առողջապահության, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում ընթացիկ համգործակցությանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---