ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Մայք Կոզակի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Մ.Կոզակը կարեւորել է սահմանադրական բարեփոխումները եւ ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը` ավելացնելով, որ այդ հարցերը գտնվում են ԱՄՆ ուշադրության կենտրոնում, եւ որ իր երկիրը շարունակելու է աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու հարցում: Զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսության կայացումը, հարավկովկասյան երկրներում անվտանգության եւ խաղաղության ամրապնդումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Մ. Կոզակը հատուկ ընդգծել է Հայաստանի խորհրդարանի դերը այդ հարցերի լուծման գործում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրեն Ջիմ Վաթսոնի, Եվրոպայի եւ Եվրասիայի ժողովրդավարության, կառավարման եւ սոցիալական բարեփոխումների տնօրեն Դեվիդ Աթվուդի, ինչպես նաեւ USAID այլ պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի սահմանադրական փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, հարեւան երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, ժողովրդավարության հետագա զարգացման մասին հարցերը: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել USAID կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերի համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել նոր ծրագրերի առնչությամբ Հայաստանի խորհրդարանի կողմից նոր առաջարկների ներկայացման մասին: Նշենք, որ Ա. Բաղդասարյանը գտնվում է Վաշինգթոնում` Խորհրդարանների ղեկավարների համաշխարհային վեհաժողովին մասնակցելու եւ ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակի այցն ԱՄՆ կավարտվի սեպտեմբերի 9-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---