Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ԵԱՀԿ ՄԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Բաքվի Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրման դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը նշել է վերջին 12 ամիսների ընթացքում ղարաբաղյան հակամարտության գծով բանակցությունների ակտիվացում, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Նրա խոսքերով պետք է խոստովանել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ հայտնվել է ղարաբաղյան հարցը լուծելու ձգտում: «Զգացվում է, որ ավելացել է հակամարտության կարգավորման հնարավորությունը: Ներկայումս բանակցությունները գնում են Պրահայի կոնկրետ սկզբունքների շրջանակներում: Բանակցությունները կարող են դրական արդյունք տալ ադրբեջանական կողմին: Սակայն, խնդրի լուծման ներկայումս քննարկվող որոշման տարբերակը չի համապատասխանում մեր ազգային շահերին»,-հայտարարել է նա: Ըստ Ա.Յունուսովի, տվյալ տարբերակով նախատեսվում է հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար, ինչը չի կարող ընդունելի լինել Ադրբեջանի համար: «Որոշ ժամանակ առաջ տարբեր կարծիքներ էին հնչում 5 գրավյալ շրջանների ազատագրման մասին, բացառությամբ Լաչինի եւ Քելբաջարի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար հանրաքվե անցկացնելու եւ կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությունը: Սակայն, հասարակական կարծիքը բացասաբար վերաբերվեց խնդրի լուծման նման տարբերակին, որից հետո ադրբեջանական կողմը նահանջեց: Պաշտոնական անձիք պնդում են, որ հանրաքվեի անցկացում նախատեսող տարբերակը հանվել է քննարկվող հարցերի ցուցակից: Սակայն, դա ճիշտ չէ: Բանակցային գործընթացին տեղյակ արտերկրյա դիվանագետները հայտարարել են, թե վերը նշված տարբերակը դեռեւս հանդիսանում է քննարկման առարկա»,-ավելացրել է ադրբեջանցի փորձագետ Ա.Յունուսովը` նշելով, որ կողմերը եկել են ընդհանուր համաձայնության այդ տարբերակի հիման վրա, հայտարարել է, թե ներկայումս կողմերը քննարկում են տվյալ տարբերակի որոշ մանրամասներ: Հիմնականում դրանք կապված են հանրաքվեի ձեւաչափի եւ անցկացման ժամկետի որոշման հետ: «Քանի որ հայերը պահանջում են հանրաքվեն անցկացնել հայկական համայնքում, ապա, անկասկած, դա չի բավարարաի ադրբեջանական կողմին: Կողմերը դեռեւս չեն կարողանում որոշել, թե հանրաքվեն անցկացնել միայն Ղարաբաղի հայերի մասնակցությամբ, թե ընդգրկել նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Նաեւ կա տարբերակ, ըստ որի հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի քաղաքացիների միջեւ: Հաշվի առնելով այդ հարցերը, բանակցությունները կարող են ձգձգվել»,-ավելացրել է նա: Արիֆ Յունուսովը նշել է նաեւ, որ «ոչ ոք չի կարող նորմալ արձագանք տա այն բանին, որ հանրաքվեն անց է կացվելու 15 տարի անց ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատելու պայմանով»: «Սակայն, սկզբունքորեն, ոչ մի տարբերություն չկա հանրաքվեն այսօր կկայանա, թե 15 տարի անց: Քանի որ 15 տարի անց էլ հայերը հանդես կգան նույն դիրքորոշմամբ: Ոմանք կարծում են, թե 15 տարի անց Ադրբեջանը կուժեղանա եւ Ղարաբաղի հայերը կգերադասեն լինել Ադրբեջանի կազմում: Դա սխալ կարծիք է: Ոչ ոք ոչ մի երաշխիք չի կարող տալ, որ 15 տարի անց Ղարաբաղի հայերը չեն ցանկանա լինել անկախ կամ մնալ Հայաստանի կազմում: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ այդ տարբերակը չի բխում Ադրբեջանի շահերից: Ըստ իս, սխալ կլիներ համարել, թե Ղարաբաղի ճակատագիրը կախված է հայերի հանրաքվեից»,-եզրակացրել է Արիֆ Յունուսովը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---