Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅ ԵՒ ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆՁՆՎԵՐ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արմավիրի մարզի մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում այսօր անցկացված 10-րդ հայ-ռուսաստանյան ռազմատեխնիկական զորավարժությունների եզրափակիչ փուլի մասնակիցներին: Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայ եւ ռուս զինծառայողներին` հայրենիքին անձնվեր ծառայելու եւ զորավարժություններում ցուցաբերած բարձր արդյունքի համար: «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրությունը շարունակվում է, եւ այն արտահայտվում է կոնկրետ ձեւով` պայմանագրերով, ըստ որոնց` Հայաստանում կա ռուսաստանյան ռազմակայան, անցկացվում են մեր երկրների անվտանգության պահպանմանն ու ապահովմանն ուղղված համատեղ զորավարժություններ»,- ընդգծել է Ռ.Քոչարյանը: Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը նույնպես շնորհակալություն է հայտնել զորավարժություններին մասնակցած անձնակազմին, նշելով, որ հրաձգարանում ցուցադրած հայ եւ ռուս զորամասերի համագործության բարձր մակարդակը հատկապես ուրախացնում է Հայաստանում անցկացվող Ռուսաստանի տարում: Հիշեցնենք, որ զորավարժություններն անցկացվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ ռազմական համագործակցությանը համապատասխան: զորավարժություններին հետեւել է նաեւ Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաեւ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբերի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը: Հայկական կողմից զորավարժություններին մասնակցել են 545-րդ ուժեղացված միջոցներով մոտոհրաձգային գունդը, տանկային վաշտը, ՀՕՊ միջոցները, հետախուզական խումբը, ինչպես նաեւ ՍՈՒ-25 ինքնաթիռների 4 միավոր, ՄԻ-24 ուղղաթիռների 4 միավոր եւ ՄԻ-8 ուղղաթիռների երկու միավոր: Ռուսաստանյան կողմից` ուժեղացված միջոցներով մոտոհրաձգային գումարտակը, տանկային վաշտը, զենիթա-հրթիռային C-300 համակարգը եւ ՄԻԳ-29 ինքնաթիռների 4 միավոր: Զորավարժություններին մասնակցող անձնակազմում ընդգրկվել է 1307 զինծառայող, տեխնիկայի թիվը` 294 միավոր: Զորավարժությունների նպատակը համատեղ մարտական գործողությունների կազմակերպման եւ անցկացման գործում երկու զինված ուժերի կազմակերպված կառավարման ունակության կատարելագործումն է: Զորավարժությունների գաղափարի համաձայն` պայմանական հակառակորդը, մոբիլիզացնելով իր խմբավորումները 2005 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, նպատակ է դրել օդային-ցամաքային գործողությունների օգնությամբ գրավել գերակշռությունն օդում եւ պայմաններ ստեղծել հարված հասցնելու համար, եւ բանակի ուժերով դուրս գալ Արաքս գետի ափ: Ռազմական սպառնալիքի մեծացման հետ մեկտեղ համատեղ ուժերը ուժեղացնում են հետախուզական գործողությունները, ոչնչացնում են հակառակորդի հետախուզական խումբը, ստիպելով նրան ժամանկից շուտ ծավալել գլխավոր ուժերը: վերջնական արդյունքում հակառակորդի ուժերը մասամբ ոչնչացվում են, իսկ համատեղ ԶՈՒ անցնում են հակահարձակման, թշնամին վռնդվում է Հայաստանի սահմաններից դուրս: Զորավարժ-ությունների սցենարում ներառվել է նոր մասնիկ` հակաահաբեկչական գործողությունը, որի ընթացքում նախազգուշացվել է հնարավոր ահաբեկչությունը պայմանական հակառակորդի կողմից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---