Հրաժարականների տարափ ու նոր վարչապետի անունը. ՀՀԿ-ն շարունակում է լռել

Հրաժարականների տարափ ու նոր վարչապետի անունը. ՀՀԿ-ն շարունակում է լռել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի ընտրություններից հետո ամենաքնարկվողներից մեկը նոր ձևավորվելիք կառավարության հարցն է: Սահմանադրության համաձայն, նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն: Թեև ՀՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ կադրային փոփոխությունների վերաբերյալ որևէ հարց իրենք չեն քննարկել, մամուլը շարունակում է ներկայացնել նոր կառավարության ներկայացուցիչների անուններ և սպասվող հրաժարականները:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը: Ըստ թերթի` հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երևան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի նիստերին Կառավարության փոփոխության և առհասարակ կադրային փոփոխության հարց դեռևս չի քննարկվել: «Մեկ ամիս հետո ինչպիսի կառավարություն կունենանք, դա արդեն քաղաքական ուժերը, քաղաքական մեծամասնությունը և երկրի նախագահը կորոշեն»,- ասաց Շարմազանովը:

Ավելի վաղ մամուլը գրում էր, որ առաջիկայում ՀՀ կառավարությունում նոր հաստիքներ կավելանան: Նորանշանակ վարչապետն այսուհետ երեք տեղակալ կունենա: Վարչապետի մեկ առաջին տեղակալ և երկու այլ տեղակալներ: «Հայացք» օրաթերթի հավաստմամբ, ՀՀ վարչապետի առաջին տեղակալ կնշանակվի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա փոխարեն Պաշտպանության նախարար կնշանակվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ Արմեն Երիցյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի ՀՀԿ երիտասարդ կադրերից Խաչիկ Ասրյանը:

Կադրային փոփոխությունները մեկնարկել են մարզերում: «Հրապարակն» էլ գրում է, որ Արմավիրի և Վանաձորի քաղաքապետների, Շիրակի մարզպետի պաշտոնանկության գործընթացներից հետո բոլոր այն տարածքներում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ահուսարսափ է տիրում: Թերթի տեղեկություններով` հատկապես անհանգիստ են մարզպետներն ու համայնքապետները, օրինակ` Լոռու մարզում: Ըստ թերթի` երեկ սարսափելի անտրամադիր են եղել նաև Երևանի 3 վարչական տարածքների ղեկավարները` Ավան, Արաբկիր, Աջափնյակ, որտեղ ևս ցուցանիշները վատն են եղել: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, սպասվող հաջորդ հրաժարականը լինելու է Նոյեմբերյանի քաղաքապետինը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---