Կառավարության հեղինակած օրինագիծը, ըստ ԱԺ փոխնախագահի, միտված է ՏԻՄ հետագա զարգացմանը

Կառավարության հեղինակած օրինագիծը, ըստ ԱԺ փոխնախագահի, միտված է ՏԻՄ հետագա զարգացմանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ փոխնախարարի՝ օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ: Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի մշակմանը և քննարկմանը մասնակցել են և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, և համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածում ավագանու կազմավորման համար անհրաժեշտ շեմն ավելացնել մինչև օրենքով սահմանված թվի երկու երրորդը, իսկ 14-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ավագանու նիստերի իրավազորության անհրաժեշտ շեմը: Նախագծի մեկ այլ հոդվածով նախատեսվում է ավագանու լիազորությունների դադարեցման ևս մեկ հիմք, այն է` ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալը:

Ըստ փոխնախարարի՝ սահմանվում է նաև համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման այլ հիմք ևս՝ մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը (ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ) երկու անգամ խախտելը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարևորեց խորհրդարանում նման օրինագծի քննարկումը նշելով, որ այն կարգավորում է ոչ միայն կոնկրետ հարաբերություններ, այլև նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների հետագա զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը հիմնական զեկուցողի ուշադրությունը հրավիրեց օրենքի 72-րդ հոդվածի վրա՝ առաջարկելով այն խմբագրել, ինչը փոխնախարարի կողմից ընդունվեց:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, նկատեց, որ թեև հանձնաժողովում օրինագիծը քննարկվել է և ստացել դրական եզրակացություն, սակայն համակարգն ու օրենքի բազմաթիվ դրույթներ համակարգային փոփոխությունների կարիք ունեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---