Հայ-վրացական ռազմական գործակցությունից այսօր ավելին ակնկալել չարժի, բայց զարգացման միտում կա

Հայ-վրացական ռազմական գործակցությունից այսօր ավելին ակնկալել չարժի, բայց  զարգացման միտում կա

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը պաշտպանության ոլորտում, այնուամենայնիվ, ունեն սահմանափակ համագործակցություն: Կարծիքը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանինն է, ով այսօր ասուլսիսի ժամանակ, անդրադառնալով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի Երևան կատարած այցին և հայ-վրացական հարաբերություններին, նաև հիմնավորել է իր մոտեցումը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը, ընտրելով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին, ռազմավարական հարաբերություններ ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, հավասարակշռված քաղաքականության դիրքերից է գործում:

«Հայաստանն ու Վրաստանը լայնորեն համագործակցում են հիմնականում տնտեսական ու մշակութային ոլորտներում, բայց ռազմական ոլորտում համագործակցությունը այնքան էլ խորացված չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Սակայն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը նպաստում է Վրաստանի հետ պաշպանության ոլորտում որոշակի եզրերի շուրջ համագործակցությանը: Ռազմական համագործակցության ոլորտում այսօր ավելին ակնկալել չարժե, սակայն զարգացման միտումներն առկա են»,- ասել է Ջոնի Մելիքյանը:

Նա նշել է, որ հայ-վրացական հարաբերությունների նոր ձևաչափի ձևավորումից հետո Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան այդ մակարդակով առաջին այցն էր և ուներ ճանաչողական ու քաղաքական բնույթ: Իսկ այցի ժամանակ նախարարները քննարկել են հիմնականում 3 ոլորտի վերաբերող հարցեր՝ ռազմական կրթություն, բարեփոխումներ և միջազգային խաղապահ առաքելություններին մասնակցության հարցեր, որոնց շրջանակներում հնարավոր է փորձի փոխանակում:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետություններից միակն է, որ ունի այդքան մեծ թվով՝ մոտ 1500 խաղապահ Աֆղանստանում: Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում գործող ռազմական դպրոցում այսօր ուսանում են նաև հայ սպաներ: Իսկ բարեփոխումների առումով Ի. Ալասանիան հայտարարեց, որ իշխանափոխությունից առաջ պաշտպանության ոլորտին հատկացված շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Այդ առումով, հայկական փորձը վրացական կողմը կարող է կիրառել, իսկ հայկական կողմն իր հերթին փոխառել վրացական փորձը»,- ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---