Հայաստանն առաջընթաց է ակնկալում «գույք պարտքի դիմաց» հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ենթակոմիտեն, որը կզբաղվի բացառապես այն հայկական ձեռնարկությունների հարցերով, որոնք փոխանցվել են Ռուսաստանին պարտքի դիմաց: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 11-ին հայտարարել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ընդ որում նա նշել է, որ այդ հարցում հայկական կողմը առաջընթաց եւ առաջխաղացում է ակնկալում: Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ին Երեւան կժամանի Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ռուսական կողմից համանախագահ Իգոր Լեւիտինը: Հայ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե այդ երկրի ռազմական բյուջեն հավասար կլինի ողջ Հայաստանի պետական բյուջեին, ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարել է.«Քանակային գործոնը կարող է երբեւէ վերաճել որակի»: «Իհարկե, դա վտանգավոր է, երբ հարեւան երկրի ռազմական բյուջեն կտրում աճում է: Սակայն այստեղ հարց է առաջանում այդ միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ նույն ռազմական տեխնիկան մենք ձեռք ենք բերել անհամեմատ ավելի ցածր գներով, քան Ադրբեջանը: Ցանկալի է, որ մենք ունենաք համեմատելի ֆինանսական հնարավորություններ: Ամեն դեպքում, դա չի նշանակում, որ մենք կգնանք զիջումների»,-հայտարարել է ՊՆ ղեկավարը: Ս.Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ռազմական բյուջեն 2006 թվականի բյուջեի հաստատումից հետո կարող էական փոփոխությունների ենթարկվել, ինչպես դա եղավ անցյալ տարի: «Բյուջեն ձեւավորվում է ոչ թե մեր ցանկությունների հիման վրա, այլ ՀՆԱ-ի տոկոսների: Եթե մինչեւ տարեվերջ Հայաստանի ՀՆԱ-ն ավելի մեծ լինի, ապա, ռազմական բյուջեն էլ, համապատասխանաբար փոքր չի լինի»,-հայտարարել է նա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նախարարը նշել է, որ այս հարցի արդար լուծումը կարող է ապահովվել «հայ բանակի մարտունակությամբ եւ ռազմական պատրաստվածությամբ»: «Սակայն Ադրբեջանն այսօր սկսել է հին երգը երգել, հավանաբար, նրանք գլխապտույտ ունեն նավթադոլարներից: 1993 թվականին նրանք ուզում էին զենքի ուժով զավթել Լեռնային Ղարաբաղը եւ հայտարարում էին, թե պատրաստ են գրավել գրեթե ողջ Հայաստանը: Սակայն դա պատրանք էր, որը ցրվեց պատերազմի ընթացքում: Եվ այսօր, 11 տարի անց, նրանք նույն երգն են երգում: Բայց եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի, համոզված եմ, որ 5-10 տարի անց, նրանք էլի նույն երգն են երգելու: Իմ խոսքերը անհիմն չեն, սա մեր բանակն է»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---