Սերժ Սարգսյան. Վստահ եմ, որ Երևանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին

Սերժ Սարգսյան. Վստահ եմ, որ Երևանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ կոնկրետ ընտրական գործընթացում: Նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ զրույցում՝ անդրադառնալով այն իրողությանը, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցության մասին: Նա մասնավորապես ասել է.

«Ընդհանրապես, պատրաստ ենք համագործակցելու, բայց այս գործընթացում պատրաստ ենք շատ սերտ համագործակցելու: Այստեղ ուզում եմ մի թեմայի անդրադառնալ, որ ինձ շատ է մտահոգում: Ես հասկանում եմ Ձեզ էլ է հետաքրքրում, դրա համար էլ այդ հարցը տվեցիք: Ի՞նչ է նշանակում ընտրական պրոցես. նշանակում է ընտրողների, քաղաքացիների մասնակցություն: Ընտրական պրոցեսին մասնակցում են պետական մարմիններ, պետական օղակներ, մասնակցում են նաև քաղաքական ուժեր: Վերջինները մասնակցում են իրենց կուսակցականների միջոցով և դա անում են հանձնաժողովներին անդամներ տրամադրելով և վստահված անձանց ձևով: Համաձա՞յն եք ինձ հետ: Ուրեմն, կուսակցությունը ընտրությունների որակի մասին ինֆորմացիան առաջին հերթին ումի՞ց պետք է ստանա: Պետք է ստանա իր կուսակցականներից, ում ուղարկել է այդ հանձնաժողով: Ի՞նչ պատկեր ունենք հիմա: Նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը և ընդդիմադիր երեք կուսակցություններ ունեին, այսպես ասենք, 7000-ի մոտ ներկայացուցիչներ: Մենք ունեինք 1988 ընտրական տեղամաս: 1988 ընտրական տեղամասի նախագահների և քարտուղարների կեսը «Ժառանգություն» և գումարած երեք ընդդիմադիր կուսակցություններն էին: Այսինքն, ունենալով հանձնաժողովներում ղեկավարության ուղիղ կեսը, ունենալով հազարավոր ներկայացուցիչներ այդ հանձնաժողովներում՝ ընդամենը մեկ հոգի է դիմել վերահաշվարկի պահանջով:

Իսկ ընտրական տեղամասերում աշխատել են Հայաստանի Հանրապետության 15000 քաղաքացիներ, հանձնաժողովի անդամներ՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն և գումարած այս չորս կուսակցությունները: Ընտրական տեղամասերում աշխատել են զանգվածային լրատվամիջոցների գրեթե 2000 ներկայացուցիչներ: Ընտրական տեղամասերում աշխատել են միջազգային 640 դիտորդ և 6000-ին մոտ տեղական դիտորդ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրական տեղամասում կարող էր աշխատել 2-3 մարդ և աշխատել է: Եվ այդ պարագայում, երբ կուսակցությունները վարկաբեկող հայտարարություններ են անում ընտրությունների մասին, ես չեմ կարծում, որ դրանով իրենք բարձրացնում են իրենց կուսակցությունների հեղինակությունը: Լավ, կուսակցության 3000 անդամ աշխատել է այդ հանձնաժողովներում, ի՞նչ է՝ այդ 3000 անդամները կամազուրկ մարդի՞կ են: Այդ 3000-ը կաշառակե՞ր են: Այդ 3000-ը անբա՞ն են, թե կապ չկա կուսակցության ղեկավարության և կուսակցականների միջև, գուցե ա՞յլ հանգամանքներ: Դե, եթե այդպիսի իրավիճակ է, եթե Նախագահի թեկնածուներից մեկ ուրիշը հաղթեր, այդպիսի կուսակցականներով, այդպիսի մարդկանցով ինչպե՞ս էր կառավարելու Հայաստանը: Եթե մարդը չունի 10, 15, 20 վստահված անձ, ով կարող է գոնե 20 տեղամասում կանգնել, կրծքով փակել յուրաքանչյուր ընտրախախտի ճանապարհը…»:

«Վստահ եմ, որ եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեն, ներողություն օտարալեզու բառիս համար, նույնիսկ ստերիլ, ապա միևնույն է, հավատացեք, որ գտնվելու են քաղաքական ուժեր, ովքեր վարկաբեկելու են այդ ընտրությունները: Իմ մտադրությունը, իմ ցանկությունն այնպիսին է, որ Երևանի ընտրություններն իրենց թափանցիկությամբ, արդարությամբ, որակով գերազանցեն նախագահական ընտրություններին: Եվ կարծում եմ, որ այդպես էլ լինելու է: Ես կարծում եմ, որ առաջադրելով յուրաքանչյուրս մեր թեկնածուներին, չի նշանակում, որ անպայման պետք է թշնամություն անենք, չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու: Մենք՝ որպես Հանրապետական կուսակցություն, մեր որոշումն արդեն կայացրել ենք: Մեր ցուցակն ամբողջովին պատրաստ է: Մեր ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որևէ քայլ նրա կողմից չեմ տեսել:

Որևէ մեկը, կարծում եմ, օբյեկտիվ լինելու պարագայում, չի կարող ասել, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը հղփացել է, որևէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը մեծ թվով թիկնապահներով է շրջում: Որևէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից և որևէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երևանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը: Եվ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միաձայն որոշել ենք Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետ, ի տարբերություն մնացած այլ քաղաքական ուժերի, ովքեր միգուցե ցուցակի առաջատարին արդեն որոշել են, բայց դեռևս չեն որոշել, թե ո՞վ պետք է լինի Երևանի քաղաքապետը: Այսինքն, երևանցին պետք է քվեարկի այդ ցուցակի համար՝ չիմանալով, թե առաջին հերթին ո՞վ է լինելու իր կենցաղային հոգսերը հոգացողը: Առավելությո՞ւն է դա մեզ համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Եվ այսպիսի բազմաթիվ առավելություններ մենք ունենք: Դրա համար էլ ես վստահ եմ, որ Երևանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին: Դեռևս չի սկսվել ընտրապայքարը, դրա համար էլ ես հանգիստ կարող եմ սա ասել: Կարծում եմ մենք լավ ընտրություններ ենք ունենալու»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---