Օրհան Փամուկին շնորհվել է գերմանական 2005 թվականի Խաղաղության մրցանակը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկը արժանացել է Գրահրատարակիչների գերմանական ընկերակցության 2005 թվականի Խաղաղության մրցանակին: Եվրոպական մամուլը գերմանական այդ հեղինակավոր մրցանակի եւ դրա այս տարվա դափնեկրի ցանկացած հիշատակում կապում է դեկտեմբերին Օրհան Փամուկի նկատմամբ Թուրքիայում կայանալիք դատավարության հետ: Ֆրանկֆուրտում մրցանակը ստանալուց առաջ թուրք գրողը խախտեց ավելի քան վեցամսյա լռությունը: «Վերջին քաղաքական իրադարձությունը, որ ինձ հետ պատահեց, շվեյցարական թերթին տված հարցազրույցս էր, որում ես ասացի, թե Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ», - լրագրողներին ասել էր Փամուկը: - «Ես նաեւ պնդել էի, թե սրանք թեմաներ են, որոնց մասին նորմալ կերպով այսօր Թուրքիայում հնարավոր չէ խոսել: Կարծում եմ, որ ցանկացած ոք, ով ապրում է Թուրքիայում, բաց կերպով պետք է կարողանա քննարկել այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Օսմանյան կայսրությունում»: Թուրքական պետության վարկին վնաս հասցնելու մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը Փամուկը բնութագրում է որպես հավելյալ խոչընդոտ Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին: «Ես վերահաստատում եմ այն ամենը, ինչ ասել եմ: Ավելին` ես վերահաստատում եմ իմ տեսակետները բարձրաձայնելու իրավունքը», - հայտարարել է նա: Թեեւ թուրքական կառավարությունը, մասնավորապես արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հավաստիացրել են, թե դատարանը աշխարհահռչակ գրողին չի բանտարկի, խնդրի շուրջ նյարդային մթնոլորտը պահպանվում է: Բրիտանական «Օբզերվըր»-ի դիպուկ դիտարկմամբ, Փամուկը կարծես կրկնում է իր ամենահայտնի վեպերից «Ձյան» հերոսի ճակատագիրը` «ակամա դառնալով քաղաքական գործիչների սկսած մեծ խաղի անմեղ զոհը»: Օրհան Փամուկը այս տարի գրականության ասպարեզում 2005 թվականի Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդների թվում էր: Մրցանակը, ի վերջո, շնորհվեց անգլիացի արձակագիր եւ սցենարիստ Հարոլդ Փինթերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---