Ա.Իսկանդարյան. Իշխանությունը Ր.Հովհաննիսյանին լուրջ զիջումներ չի անի. նա տորթի մեծ կտորն է ուզում

Ա.Իսկանդարյան. Իշխանությունը Ր.Հովհաննիսյանին լուրջ զիջումներ չի անի. նա տորթի մեծ կտորն է ուզում

PanARMENIAN.Net - Իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ զիջումներ չի անի, քանի որ նա տորթի մեծ կտորն է ուզում: Նման կարծիքի է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրավիճակից դուրս գալու փորձեր իշխանությունը կանի այնքան, ինչքան կցանկանա: Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ լուրջ ընդդիմությունը, որը պետք է ձևավորվեր մինչև նախագահական ընտրությունները, չեղավ: «Րաֆֆի Հովհաննիսյանը լավ աշխատեց նախընտրական շրջանում: Սոցիալական դժգոհությունը մեծ է և սպասելի էր՝ ովքեր կքվեարկեն նրա օգտին»,- ասաց քաղաքագետը:

Իսկ այն, որ երկրորդ ուժը միշտ հայտարարում է, որ ընտրությունների արդյունքները չի ընդունում, ըստ քաղաքագետի, նորմալ է քաղաքական դաշտում:

«Համակարգել ողջ ընդդիմադիր դաշտի ձայները հեշտ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մի ձևով իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չունի: Այնպես անել, որ բոլորն ընդունեն ընտրությունների արդյունքները, դա էլ է անհնար: Եթե ելք ասելով նկատի ունեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս գա հացադուլից, ապա կարծում եմ, որ նա հացադուլից չի մահանա: Նրան կհամոզեն դուրս գալ հացադուլից»,- ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ պարզապես մեկ անգամ ստանալ 37% ձայն, բավարար չէ, իսկ հացադուլով հնարավոր չէ ստեղծել քաղաքական լուրջ ուժ: Մահաթմա Գանդին, բացի հացադուլից, 40 տարի ստեղծում էր քաղաքական լուրջ ուժ»,- ասաց նա:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նա նկատեց, որ դրանք տեղական ինքնակառավարման նշանակություն ունեցող ընտրություններն են և տնտեսական նշանակություն ունեն: «Իշխանությունները, եթե այս ընտրություններում գնան զիջումների, ապա դա կլինի բարի կամքի դրսևորում: Եթե ավագանու ընտրություններում լինի «անտիմարգարյան», նա շատ ձայն կհավաքի, բայց անգամ այդ դեպքում նա չի միավորի ընդդիմադիր դաշտը: Չկա այսօր այնպիսի նախադրյալ, որը կմիավորի ընդդիմությանը»,- պարզաբանեց քաղաքագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---