Չեխերի հետ խաղից հետո. Միգուցե արժե՞ր ԱԱ եզրափակիչ փուլ մտնելու նպատակ դնել

Չեխերի հետ խաղից հետո. Միգուցե արժե՞ր ԱԱ եզրափակիչ փուլ մտնելու նպատակ դնել

PanARMENIAN.Net - Չորս խաղ և երեք պարտություն: Այսպիսի արդյունք է գրանցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում:

Արդյունք, որը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Մինչ այս ընտրական փուլի մեկնարկը հայ ֆուտբոլիստները երկրպագուներին այսպես ասած «երես էին տվել» իրենց դիտարժան ու գեղեցիկ խաղով, պարգևել էին հաղթանակն զգալու մեծ ցանկությունը: Մեր հավաքականը EURO-2012-ի ընտրական փուլում մինչև վերջին խաղը պայքարում էր խմբից դուրս գալու համար, ինչը հիշում են հայկական ֆուտբոլի սիրահարները մինչև այսօր:

Բոլորովին այլ պատկեր է այժմ: Մեր թիմը խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը և մեծ հաշվով դուրս է մնացել եզրափակիչ ուղեգրի համար մղվող պայքարից:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ թիմի հետ, ի՞նչն է պատճառը, որ այս նույն տղաները չեն կարողանում դրական արդյունքի հասնել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը երևի գիտեն իրենք` ֆուտբոլիստները, և նրանց մարզիչը` Վարդան Մինասյանը:

Երեկ հանրապետական ստադիոնում, երբ արդեն պարզ էին թիմերի մեկնարկային կազմերը, շատերը զարմացան. չեխերի հետ կարևոր խաղին դաշտ դուրս բերել այնպիսի կա՞զմ, որից մի քանիսն առաջին կամ երկրորդ անգամ էին լինելու ազգային թիմի մեկնարկային կազմում: Սակայն, մյուս կողմից էլ, երբ նայում ես պահեստայիններին մտածում ես. «Լավ, ե՞ս ում կընտրեի մեկնարկային կազմում, եթե լինեի Վարդան Մինասյանի փոխարեն»: Ու մի պահ հասկանում ես, որ ընտրությունը մեծ չէ, ցավոք մեր պահեստայիններում չկան փորձառու ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան մտնել դաշտ ու միանգամից փոխել խաղի ընթացքը:

Այսպիսի դեպքերում, որպես կանոն, թիմի առաջատար ֆուտբոլիստները փորձում են իրենց վրա վերցնել խաղը ու ողջ թիմին տանել իրենց հետևից: Սակայն, Չեխիայի հետ խաղում մեր թիմից ոչ ոք չկարողացավ կամ էլ չփորձեց ստանձնել այդ դերը:

Անհամեմատ ակտիվ էին գործում Յուրա Մովսիսյանն ու Մարկոս Պիզելլին, որոնք փորձում էին ինչ-որ բան անել: Աջ եզրում ակտիվ էր պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը, սակայն, միանալով գրոհներին, հաճախ չէր հասցնում հետ գալ ու փակել իր դիրքը:

Խաղից առաջ ու գրեթե միշտ հայերի մեծ մասը հույսերը կապում է Հենրիխ Մխիթարյանի հետ: Կիսապաշտպանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ոչ միայն իր թիմի, այլև հավաքականի կազմում կարող է աչքի ընկնել: Նրա անցումները, փոխանցումներն ու նաև գոլերը Չեխերի հետ խաղում, մեղմ ասած, չստացվեցին:

Ամեն դեպքում, ֆուտբոլիստենրն աշխատում էին, փորձում էին ճիշտ ու նպատակային կազմակերպել գրոհները, սակայն արդյունքում երեք անպատասխան գնդակ ընդունեցին մրցակցից:

Բոլորովին այլ թեմա է այն իրարանցումը, որը ստեղծվել էր Հայաստան-Չեխիա խաղից առաջ և հետո: Մինչ հանդիպման մեկնարկը գրեթե բոլորը միաբերան ասում էին, որ հայերը հաղթելու են, ուժեղ են, չափազանց շատ թերագնահատում էին չեխերին ու նրանց դարպասապահին: Պատկերը ամբողջովին փոխվեց խաղից հետո. ինչպիսի քննադատություն, արտահայտություններ հայ ֆուտբոլիստների ու մարզչի հասցեին: Մոռացան, որ ընդամենը 90 րոպե առաջ ուրիշ բան էին ասում, իսկ հիմա` բոլորովին ուրիշ:

Ու հարցն ամենևին էլ արդյունքի մեջ չէ: Մենք հաճախ այնքան մեծացնում ենք փոքր բաները, սարքում ենք մեզ համար պատրանքներ, չենք փորձում սթափ նայել իրադարձություններին, ու երբ վերջապես տեսնում ենք իրականությունը, սկսում ենք քննադատել բոլորին: Նույնիսկ չենք փորձում մտածել. «Միգուցե ես էի սխալ, միգուցե շատ էի չափազանցրել իմ մեջ ամեն ինչ»:

Ազգային հավաքականի ու, առհասարակ, հայկական ֆուտբոլի հաջողություններով ու անհաջողություններով մենք ապրում ենք ամեն րոպե: Մի այլ հպարտություն ու հաճույք ես ստանում, երբ քո երկրի թիմը հաղթում է, դու աննկարագրելի զգացողություններ ես ունենում, երբ կողքիդ կանգնած այլազգի լրագրողը շնորհավորում է քեզ: Իսկ երբ պարտվում է հավաքականը, պարտվում ես նաև դու, որովհետև սա բոլորիս պարտությունն է:

Հիմա դժվար է հավատալ այն հրաշքին, թե Հայաստանի հավաքականը կանցնի ԱԱ եզրափակիչ փուլ, որի մասին, խոստովանենք, մտածում էինք բոլորս: Բոլորս, բացի Վարդան Մինասյանից: Ամեն դեպքում, նա այդպիսի խոստովանություն արեց. «Ով ասաց, որ ես նման բան եմ ասել: Մեր նպատակը ոչ թե եզրափակիչ փուլ անցնելն էր, այլ մեր խաղը կատարելագործելը»:

Իսկ միգուցե արժե՞ր նման նպատակ դնել, որպեսզի թիմն էլ ձգտեր այդ նպատակին ու փորձեր հասնել դրան:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---