2006 թվականին Ռուսաստանում կհայտարարվի «միգրացիոն համաներում»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել 2006 թվականին Ռուսաստանում «միգրացիոն համաներում» հայտարարելու մասին օրինագիծը, որով ռուսաստանաբնակ բազմաթիվ միգրանտներ օրինական դաշտ կբերվեն: Համաներումը կանցկացվի Ռուսաստանի 8 շրջաններում եւ կվերաբերի միայն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների շուրջ 1 միլիոն քաղաքացիներին: Տարբեր աղբյուրների եւ փորձագետների կանխատեսումներով, Ռուսաստանում 2050 թվականին ապրելու է 100-120 միլիոն մարդ: Առանց միգրանտների հոսքի Ռուսաստանը ուղղակի ի վիճակի չի լինի գոյատեւել, ինչը սկսել են հասկանալ նաեւ Ռուսաստանի իշխանությունները: Ռուսաստանի միգրացիոն ծառայության արտաքին աշխատանքային միգրացիայի վարչության պետ Վյաչեսլավ Օստավնինը հայտարարել է, թե եկող տարի առաջին անգամ Ռուսաստանում ապօրինի միգրանտներին կամ, ինչպես Մոսկվայում են ասում, «գաստարբայթերներին», շնորհվելու է ներում:



Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, երկրում այսօր ապրում է 5-ից 15 միլիոն ապօրինի միգրանտ, ընդ որում, 80 տոկոսը` ԱՊՀ երկրներից: Բացի այդ, սպասվում է, որ 2006 թվականին կսկսի գործել ժամանակավոր գրանցման մասին նոր օրենք, որով արտասահմանցին հնարավորություն կունենա անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ արդեն հեշտացված կարգով: Ռուսաստանում այսօր գործող օրենքները այն աստիճան խիստ ու բարդ են, որ մարդիկ գերադասում են ապօրինի ապրել եւ անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը ստուգող ոստիկանին մի քանի հարյուր ռուբլի կաշառք տալ: Վյաչեսլավ Օստավնինի խոսքերով, հեշտացված կարգով արդեն օրինական փաստաթղթեր են ստացել շուրջ 2000 միգրանտներ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ շարքային մոսկվացիների շրջանում աճում են ազգայնական տրամադրությունները. ռուսաստանցիների մոտ 63 տոկոսը համարում է, որ միգրանտների պատճառով ավելացել է քրեական հանցագործությունների թիվը, իսկ 60 տոկոսը գտնում է, որ միգրանտների պատճառով տեղի բնակիչությունը զրկվում է նոր աշխատատեղերից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---