Վրաստանը քննարկում է ԱՊՀ կազմից դուրս գալու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Վրացական խորհրդարանական ընդդիմությունը ի դեմս Հանրապետական կուսակցության կոչ է արել իշխանություններին սկսել ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը: Ըստ կուսակցության առաջնորդներից մեկի, պատգամավոր Դավիթ Բերձենիշվիլու, «սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի շուրջ խորհրդարանական ընդդիմությունը տարակարծություն չունի երկրի իշխանությունների հետ»: Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ընդդիմության առաջարկը ընդունելի է համարել: «Մենք իրոք պետք է խորհրդատվություններ սկսենք այդ հարցի շուրջ երկրի նախագահի եւ իշխող մեծամասնության հետ»,-ասել է նա: Ավելի վաղ, Ն.Բուրջանաձեն հայտարարել էր լրագրողներին, որ անձամբ իր համար Համագործակցության կազմից Վրաստանի դուրս գալու կամ մնալու հարցը սկզբունքային չէ, քանի որ «այդ կազմակերպությունը անաշխատունակ է»: «ԱՊՀ-ն գործնականում ոչինչ չի լուծում: Սակայն դեռեւս շարունակում է մնալ այն ամբիոնը, որից Վրաստանը հնարավորություն ունի հնչեցնելու իր դիրքորոշումը»,-ասել է վրացական խորհրդարանի խոսնակը: Բացի այդ, նրա խոսքերով, հանդիպումները ԱՊՀ շրջանակներում թույլ են տալիս Վրաստանի նախագահին հաճախակի հանդիպել իր գործընկերների հետ, մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խորհրդարանի պատգամավորները իշխող կուսակցությունից եւ ընդդիմությունից նիստի ընթացքում ընդգծել են, որ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարնաձեն «ժամանակին ստիպողաբար ներքաշեց Վրաստանը ԱՊՀ կազմի մեջ, որտեղ միանձնյա ղեկավարում է Ռուսաստանը, այնպես որ Վրաստանի դուրս գալը այդ կազմակերպության կազմից կարելի էր կանխատեսել հենց սկզբից»: Հիշեցնենք, որ օրերս վրացական պատվիրակությունը իր ողջ կազմով հայտարարեց ԱՊՀ Միջխորհրդարանական նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին:



Չնայած վրացական իշխանությունների ժամանակ առ ժամանակ հնչող հավաստիացումներին Ռուսաստանի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին, նրանց արարքները հաճախ վկայում են հակառակը: Այդպես, նոյեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները իրենց նիստում կազմեցին ռուս քաղաքական գործիչների սեւ ցուցակ, որոնց արգելվում է մուտքը երկիր: Ինչպես լրագրողներին է հայտնել Վրաստանի «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցության առաջնորդներից մեկը, պատգամավոր Գիգա Բոկերիան, «ցուցակը երկար է լինելու»: Այն կփոխանցվի Վրաստանի ԱԳՆ, որն մինչ այժմ, ըստ երկրի փոխարտգործնախարար Մեհրաբ Անթաձեի, ռուս քաղաքական գործիչների նման ցուցակ չուներ:



Ռուս քաղաքական գործիչների սեւ ցուցակ կազմելու անհրաժեշտությունն առաջացավ 2005թ. նոյեմբերի 16-ին, երբ ՌԴ ԱԳՆ-ն ժամանակին մուտքի արտոնագիր չտրամադրեց Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեին առանց որեւէ բացատրությունների: Միջադեպը պատճառ հանդիսացավ, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ մի շարք պատգամավորներ հրաժարվեցին մեկնել Սանքտ Պետերբուրգ` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու համար, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալթինգը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---