Հայաստանը «չի համարձակվի» ճանաչել ԼՂՀ անկախությունը, համոզված են Բաքվում

PanARMENIAN.Net - Հայաստանը «չի համարձակվի» ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Երեւանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, եթե բանակցությունները որեւեէ արդյունք չտան: Վաֆա Գուլուզադեն ասել է, որ այդ հայտարարությամբ «Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»: «Այստեղ երեւում է պաշտոնական Մոսկվայի ձեռքը: Քանի որ Ռուսաստանը չկարողացավ Ադրբեջանին գցել այնպիսի վիճակում, ինչպես Ուզբեկստանին, նա գործի է դնում Ռոբերտ Քոչարյանին: Բայց նրանք չեն հասնի դրան»,-ասել է նա: Քաղաքագետ Այդին Միրզազադեն մասնակիորեն համաձայնվել է իր գործընկերոջ հետ : «Եթե Հայաստանը ցանկանար, ապա կճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ահա արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանը պահանջում է դա աշխարհից: Հայաստանի նախագահը, որին հայտնի է Ադրբեջանի վճռական դիրքորոշումն այդ խնդրի շուրջ, կատարելով հերթական քայլը, արել է այդ հայտարարությունը», նշել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հիշեցնենք, որ սլովենական Delo թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանըհայտարարել է, որ «եթե բանակցությունները սպառեն իրենց` չտալով որեւէ արդյունք, ես չեմ բացառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ճանաչումը Երեւանի կողմից, կամ ԼՂՀ վերամիավորումը Հայաստանի հետ»: Նրա խոսքերով, ԼՂՀ փաստացի ճանաչումը Հայաստանի կողմից տեղի է ունեցել վաղուց: Նա հիշեցրել է, որ ԼՂՀ-ն օգտագործում է հայկական դրամը, գործում է միասնական մաքսային գոտի եւ այլն: «Ընթանում է լուրջ ինտեգրացիոն գործընթաց, եւ Հայաստանի եւ ԼՂՀ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես անհամաչափ համադաշնություն»,-հայտարարել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---