Ա.Բաղդասարյանը ելույթ է ունեցել «նարնջագույն հեղափոխության» տարեդարձին նվիրված միջոցառմանը

PanARMENIAN.Net - Նախօրեին ավարտված Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը համընկավ Կիեւի «Մայդան նեզալեժնոստի» հրապարակում կայացած տոնակատարության հետ, որը նվիրված էր «նարնջագույն հեղափոխության» տարեդարձին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոի առաջարկով, հայ խոսնակը հանդես եկավ Մայդանում: Մեկնաբանելով այս իրադարձությունը` Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Յուշչենկոյի առաջարկը անակնկալ էր իր համար: «Ես կոռեկտ չհամարեցի հրաժարվել հրավերից, առավել եւս, որ Ուկրաինայի նախագահն այն կրկնեց երեք անգամ»,-նշել է Բաղդասարյանը: Ըստ խոսնակի, Յուշչենկոն առաջարկեց իրեն «որպես ճշմարիտ դեմոկրատի» հանդես գալ Մայդանում: «Նրա հրավերի մեջ նաեւ գնահատական կար»,-նշել է Բաղդասարյանը եւ ավելացրել.«Ամեն դեպքում, ես դեմ չեմ ժողովրդավարություն տարածելուն եւ մեր հանրապետությունում նրա ամրապնդմանն աջակցելուն»: Նրա կարծիքով, խորհրդանշական է, որ հայկական խորհրդարանական պատվիրակության այցը համընկավ ուկրաինական հեղափոխության տարեդարձի հետ: «Սա լավ առիթ էր հայկական պատվիրակության համար խորհրդարանի անունից շնորհավորելու ուկրաինական ժողովրդին, ցանկանալ նրան երջանկություն, եւ ամենօրյա ու հետեւողական աշխատանք` նվաճումները ամրապնդելու համար»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը: Կանխատեսելով Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքը Կիեւում , «նարնջագույն հեղափոխության» հրապարակում ունեցած իր ելույթին` Ա.Բաղդասարյանը նշել է, որ «Երեւանում կգտնվեն մարդիկ, որ կդատապարտեն այդ քայլը եւ այնպիսիք, որոնք հավանություն կտան դրան»:



«Ես, որպես խոսնակ, ընդունել եմ Ուկրաինայի նախագահի հրավերը»,-ընդգծել է Բաղդասարյանը:-«Շատ հետաքրքիր էր ելույթ ունենալ Մայդանում հավաքված բազմահազար լսարանի առջեւ»: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարին: Այդ առնչությամբ նա նկատել է, որ «ուկրաինական հեղափոխությունից հետո սա հայկական պատվիրակության առաջին այցն էր, որով հիմք դրվեց Ուկրաինայի նոր իշխանությունների հետ համագործակցության համար»: «Կարելի է ասել, որ նարնջագույն հեղափոխությունից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները լճացել էին»,-նշել է նա: Նրա խոսքերով, հանդիպումների ընթացքում ընդգծվել է, որ ակնկալվում է երկկողմ հարաբերությունների ակտիվացում բոլոր ոլորտներում, սկսած առեւտրատնտեսականից եւ ավարտելով համագործակցությամբ միջազգային կազմակերպություններում եւ խորհրդարանների միջեւ: «Ուկրաինան չի թաքցնում, որ ժողովրդվարության տարածող է եւ ԱՊՀ երկրներում , եւ հարեւան երկրներում: Հանդիպումների ժամանակ Յուշչենկոն ասում էր դա բաց տեքստով»,-ամփոփել է ՀՀ խորհրդարանի խոսնակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---