Եվրախորհրդարանի անդամները կարևորում են ժողովրդավարական բարեփոխումների խորացումը Արցախում

Եվրախորհրդարանի անդամները կարևորում են ժողովրդավարական բարեփոխումների խորացումը Արցախում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Եվրանեսթի և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն ապրիլի 25-ին հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարևոր համարեց բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան և հույս հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն:

Հանդիման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացը, հատուկ շեշտվեց Ասոցացման պայմանագրի ստորագրման կորևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Կողմերը կարևոր համարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը, բանակցությունների շարունակումը, անընդունելի համարվեց ռազմական ճանապարհով հարցի լուծումը: Եվրախորհրդարանի անդամները կարևորեցին Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, ինչը կնպաստի հարցի խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում կարևորվեց նաև Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդումը:

Ներկաները կարևոր համարեցին ԼՂ ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությունը Եվրանեսթի շրջանակներում իրականացվող քաղաքացիական հասարակության ամրապնդման ծրագրերին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և ժողովրդավարության խորացմանը: Այս համատեքստում հյուրերը կարևորեցին ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան: Եվրոպացի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հայ խորհրդարանականների անունից պատրաստակամություն հայտնեց զարգացնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը :

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---