Է.Մամեդյարովը լարվածության աճ է կանխատեսում ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում ստեղծված ստատուս-կվոն կհանգեցնի լարվածության ավելացմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Լյուբլյանայում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 13-րդ հանդիպմանը: Ադրբեջանցի նախարարը նշել է, որ պաշտոնական Բաքուն «խորապես մտահոգված է Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններով, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»: «Ստեղծված վիճակը ոչ մի արդյունքի չի հանգեցնի, իսկ Ադրբեջանի համբերությունը հատում է: Ի վերջո, սպառնալիքներ պարունակող հայտարարությունների թիվը գնալով աճում է»,-ասել է Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը` կոչ անելով ԵԱՀԿ-ին հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը դարձնել գործունեության գերակա ուղղություն:



Է.Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը «իր հողերի մի մասի օկուպացիան» գնահատում է որպես միջազգային իրավունքի խախտում, իսկ ստեղծված ստատուս-կվոն արմատապես կթուլացնի խաղաղ բանակցային գործընթացի հնարավորությունները: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի, «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել ոչ թե «էթնիկ զտման» հիման վրա, այլ հաշվի առնելով օրինականությունը, խաղաղությունը եւ ժողովրդավարական գործընթացները»: «Կարգավիճակը կարող է որոշվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների շահերը հավասարապես հաշվի առնելու հիման վրա»,-ասել է Է.Մամեդյարովը` ընդգծելով, որ կարգավիճակի որոշման հիմնական պայմանը Ադրբեջանի «գրավյալ տարածքների» ազատումն է:



Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «այն բանից հետո, երբ Հայաստանի զինված ուժերը դուրս կբերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, կբացվեն տրանսպորտային միջանցքները երկու կողմերի համար»: Նպատակահարմարությունից ելնելով, Լաչինի միջանցքը բաց կլինի օգտագործման համար երկու ուղղություններով: «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հիմնական խնդիրները պետք է լինեն Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրենց տները, խաղաղության եւ կայունության մթնոլորտի ստեղծումը, վստահության զարգացումը ադրբեջանցիների եւ հայերի միջեւ»,-ամփոփել է Է.Մամեդյարովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---