Բաքուն եւ Թբիլիսին հերքել են իրենց տարածքում ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հերքել են իրենց երկրներում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի բանտերի առկայության մասին տեղեկատվությունը: «Ադրբեջանում ԿՀՎ-ի գաղտնի բանտերի առկայության մասին տեղեկատվությունը մտացածին է», -հայտարարել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը` ավելացնելով, թե «Եվրախորհրդի կողմից անցկացվող հետաքննությունը Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի»: Ադրբեջանցի նախարարը շեշտել է, թե Ադրբեջանի պատժիչ համակարգը «գտնվում է հասարակության մշտական վերահսկողության տակ, իրավապաշտպանները պարբերաբար այցելում եւ ծանոթանում են այդ հիմնարկություններում տիրող իրավիճակին»:



Ադրբեջանական մամուլը վերջերս մի քանի անգամ տեղեկացրել էր, թե Բաքու են ժամանում ԿՀՎ գաղտնի օպերացիաների համար նախատեսված ինքնաթիռները, որոնք «սպասարկում են» տարբեր երկրներում ԿՀՎ գաղտնի բանտերը` տեղափոխելով ահաբեկչության մեջ կասկածվող կալանավորների: Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները անցած ամիս հայտարարել էին, որ անհրաժեշտ է հստակցել ԿՀՎ գաղտնի բանտերի շուրջ իրավիճակը: Ի թիվս երկրների, որտեղ առկա են ԿՀՎ գաղտնի բանտերը, նշվում են Ռումինիան, Լեհաստանը եւ Ադրբեջանը: «Արբանյակներից արված լուսանկարների վերլուծությունը թույլ կտա հաստատել կամ հերքել ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը Ռումինիայում եւ Լեհաստանում», - հայտարարել էր Եվրախորհրդում իրավական կոմիտեի նախագահ, շվեյցարացի պատգամավոր Դիկ Մարտին: Իսկ Վրաստանում ԿՀՎ գաղտնի բանտերի առկայության մասին մեղադրանքներn այսօր հերքել է Վրաստանի արդարադատության փոխնախարար Գիվի Միկանաձեն` արձագանքելով Մոսկվայում Հարավային Օսիայի էմիսար Դմիտրի Մեդոեւի հայտարարությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---