ՀՅԴ ԳՄ. Հրաչ Մուրադյանի հիշատակը պղծվել է, որովհետև հանցագործությունը դեռ բացահայտված չէ

ՀՅԴ ԳՄ. Հրաչ Մուրադյանի հիշատակը պղծվել է, որովհետև հանցագործությունը դեռ բացահայտված չէ

PanARMENIAN.Net - Հ. Յ. Դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Պռոշյան համայնքում ազատամարտիկների հուշարձանը և սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը պղծելու փաստի կապակցությամբ:

«Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում` պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:

Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Մեզ համար ակնհայտ է` նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ: Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը: Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե’ւ այս վանդալիզմի, ե’ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին: Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար», - նշված է հայտարարության մեջ: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի սպանված նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմին քառասունքի օրը այցելության ժամանակ նրա ընկերները զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված պանթեոնում տարօրինակ բան են նկատել. պատին գրված է` «պարահանդեսն ավարտված է»: Հրաչ Մուրադյանը հուղարկավորված է հենց այդ պանթեոնում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---