Մարտին նախատեսվում է Հայաստանի նախագահի այցը Գերմանիա

PanARMENIAN.Net - Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների նախկին դինամիկան եւ բովանդակությունը իրենց շարունակությունը կստանան 2006 թվականին: 2006 թ. մարտին նախատեսվում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ փետրվարին` ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այցելությունները Գերմանիա: Այդ մասին այսօր հայտարարել է Վարդան Օսկանյանը 2005 թ. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, 2005 թ. քաղաքական երկխոսությունը բավական ակտիվորեն շարունակվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Քաղաքական առումով 2005թ. ամենակարեւոր իրադարձությունը, թերեւս, Բունդեսթագի հունիսի 16-ի` «1915թ. ապրիլի 24-ին հայերի տեղահանությունների եւ ջարդերի 90-րդ տարեդարձի հիշատակի կապակցությամբ. Գերմանիան պետք է իր օժանդակությունը բերի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» վերնագրով բանաձեւն էր: Ինչպես նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը, 2005 թ. շարունակվել է համագործակցությունը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Տնտեսական ոլորտում կան էական ձեռքբերումներ: Զարգացման աջակցմանն ուղղված համագործակցության բնագավառում Գերմանիան ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր պետությունն է: 2005-2006թթ. համար համաձայնություններ ձեռք բերվեցին 15.5 մլն. եվրոյի ընդհանուր արժողությամբ ծրագրերի շուրջ: Էապես մեծացել է գերմանական տնտեսական ներկայությունը Հայաստանում: Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ցուցանիշով Գերմանիան 6-րդն է: Վերջին երկու տարիներին հայ-գերմանական առեւտրաշրջանառությունն աճել է տարեկան մոտ 80%-ով: 2005թ. հունվար-օգոստոսին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 181 մլն դոլար: Այս ցուցանիշով Գերմանիան Հայաստանի երրորդ առեւտրային գործընկերն է:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---