Աբխազիայի հայկական համայնքի խորհուրդը մտահոգված է հայ բնակչության հանդեպ բացասական վերաբերմունքով

PanARMENIAN.Net - Աբխազիայի Հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել նախագահ Սերգեյ Բագապշի հանդիպումը Խորհրդի համանախագահներ Մարիետտա Թոփչյանի, Գալուստ Տրապիզոնյանի, Խաչիկ Մինոսյանի, համայնքի Սուխումի բաժանմունքի նախագահ Սուրեն Կերեսլյանի, համայնքի անդամներ Երվանդ Միկոսյանի եւ Վաղարշակ Քեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Նուգզար Աշուբան, վարչապետ Ալեքսանդր Անկվաբը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Լակոբան, Պետական անվտանգության ծառայության նախագահ Յուրի Աշուբան, ներքին գործերի նախարար Օթար Խեցիան: Ինչպես նշել են Համայնքի խորհրդի ներկայացուցիչները, նրանց անհանգստացնում են «բացասական բնույթի որոշ փաստերը հանրապետության հայ բնակչության հանդեպ: Դա վերաբերում է հակահայկական ուղղվածության թռուցիկների տարածմանը, ինչպես նաեւ Սուխումի հայկական միջնակարգ դպրոսի մոտ դիվերսիայի փորձին»:



Դիմելով նախագահին, Աբխազիայի Հայ համայնքի խորհրդի համանախագահ Մարիետտա Թոփչյանը նշել է, որ նման փաստեր եղել են նաեւ նախկինում, հետպատերազմյան շրջանի գրեթե ողջ ընթացքում: Նրա խոսքերով, «համայնքը հակված չէ իրավիճակը ողբերգականացնելու, սակայն համայնքը կցանկանար իրազեկ լինել իշխանությունների դիրքորոշմանը այդ հարցում»: Ըստ Բագապշի, «բոլոր փաստերով հարուցվել են քրեական գործեր եւ ընթանում է հետաքննություն»: «Հայկական համայնքը աբխազների եւ մյուս համայնքների հետ միասին կրել է անցած պատերազմի ողջ ծանրությունը, եւ այժմ մենք միասին կառուցում ենք ազատ ժողովրդավարական պետություն»,-հայտարարել է Սերգեյ Բագապշը: Նա նշել է «հայերի կոմպակտ բնակեցման` Լաբրա, Արակիչ, Ատարա-Արմյանսկայա գյուղերի վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումները ավարտին հասցնելու» անհրաժեշտությունը:



Ըստ վարչապետ Ալեքսանդր Անկվաբայի, «եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել միասին, պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ, այլ ոչ թե ուղղակի գրանցել փաստերը: Անարդարացի կլինի մեղադրել կառավարությանը անգործության համար, այն դեպքում, երբ այն լրջորեն զբաղվում է հայկական գյուղերում սոցիալական խնդիրների լուծմամբ, կրթական հաստատությունների վերականգնմամբ»: Անկվաբը համաձայնեց, որ դեռեւս շատ են չլուծված խնդիրները, այդ պատճառով էլ կառավարությունը առաջարկում է հաղթահարել դրանք համայնքի հետ համատեղ: Հանդիպման ավարտին Սերգեյ Բագապշը հաղորդեց նրա մասնակիցներին առաջիկայում Աբխազիայի նախագահին կից Հասարակական պալատ ստեղծելու մտադրության մասին: «Պալատի ստեծման նապատակը ծագող խնդիրների լուծման համար ողջ բազմազգ պետության համար օգտակար եւ ընդունելի որոշումներ գտնելու ձգտումն է»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---