Վ.Սողոմոնյան. Հայաստանը ստիպված կլինի վերանայել էներգետիկ ոլորտի որոշ գերակայություններ

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում ռուսական գազի գների վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չի ձեռք բերվել, վերջնական պայմանավորվածությունը հավանաբար ձեռք կբերվի փետրվարի կեսին»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ «Ռ.Քոչարյանն ու Վ.Պուտինը գոհունակություն են հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի առիթով եւ հույս են հայտնել, որ դրանք կպահպանվեն նաեւ ընթացիկ տարում, ինչպես նաեւ քննարկել են Ռուսաստանից Հայաստան գազի առաքման հետ կապված խնդիրը»: Վ.Սողոմոնյանը հերքել է լուրերն այն մասին, թե հայկական կողմը Ռուսաստանին է առաջկել Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը: Մեկնաբանելով այն հարցը, թե գազի սակագների բարձրացման կապակցությամբ վերջերս հաճախակի են դարձել կարծիքները Ռուսաստանի հանդեպ Հայաստանի քաղաքականության վերանայման վերաբերյալ` Վ.Սողոմոնյանը նշել է, որ «իհարկե,Հայաստան ռուսական գազի առաքման հետ կապված պատմությունը ափսոսանք է առաջացնում»: «Բնական է, որ հայկական կողմը կցանկանար, որ հարցը առավել դյուրին լուծում գտներ եւ չպահանջեր նման երկարատեւ բանակցություններ, հաշվի առնելով ռազմավարական գործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-ավելացրեց նա: «Միեւնույն ժամանակ, քանի որ մեր հարաբերությունները գնահատվում են որպես ռազմավարական, եւ դրանք չեն սահմանափակվում էներգետիկ ոլորտում համագործակցությամբ, ես չեմ կարծում, որ միայն էներգետիկ ոլորտում ծագաց խնդրի պատճառով արժե խոսել հիմնական գերակայությունների վերանայման մասին»:



Նրա խոսքերով, «ինչ վերաբերում է կոնկրետ էներգետիկային, ապա, հավանաբար, այդ ոլորտում հարկ կլինի փոփոխություններ կատարել»: Սակայն ռազմավարական գործընկերությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ըստ Վ.Սողոմոնյանի, բազմակողմանի կառուցվածք ունի եւ գնահատվում է որպես արդյունավետ, եւ սա առիթ չէ այսօր խոսելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ շրջանակը վերանայելու մասին: «Մեզ ավելի անհանգստացնում է այն, որ այդ կապակցությամբ ձեւավորվեց որոշակի հասարակական կարծիք, որը, ցավոք, Ռուսաստանի օգտին չէ»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը: Նա նշեց, որ «այդ հասարակական կարծիքը կարող է իր դերը կատարել երկարաժամկետ հեռանկարում»: Պատասխանելով այն հարցին, թե վերջին ժամանակներս Հայաստանի ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ թերթերում առավել հաճախ են հնչում հակառուսական հայատարարություններ, եւ քանի որ հեռուստաալիքների մեծ մասը պետական են, կարելի է ենթադրել արդյո՞ք, որ դա Հայաստանի պետական քաղաքականության արտահայտման միջոց է` Վ.Սողոմոնյանը հայտարարել է, որ «այստեղ ոչ մի ընդհանուր բան պետական քաղաքականության հետ չկա»:



Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ Մոսկվան վերջնագիր է ներկայացրել իր ռազմավարական դաշնակցին. կամ գազի գինը դառնում է 110 դոլար, կամ Հայաստանը «Գազպրոմին» է տալիս գազային ենթակառուցվածքները եւ եւս մեկ տարի օգտվում է էժան գազից: Ռոբերտ Քոչարյանը «ընդունել է վերջնագիրը եւ պատրաստ է Ռուսաստանին հանձնել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերի 45 տոկոսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---