Ադրբեջանցի փորձագետ. Ադրբեջանը փչացրեց հարաբերությունները արտաքին գրեթե բոլոր խաղացողների հետ

Ադրբեջանցի փորձագետ. Ադրբեջանը փչացրեց հարաբերությունները արտաքին գրեթե բոլոր խաղացողների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փչացրեց հարաբերությունները արտաքին գրեթե բոլոր խաղացողների հետ: Այսօր Երևանում «Կովկաս 2012» միջազգային գիտաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց Բաքվում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիչ Ազադ Իսազադեն: Նա նկատեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցին այն բանից հետո, երբ փակվեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որը, ըստ նրա, իրականում Ադրբեջանին որևէ օգուտ չէր տալիս, միայն վնասում էր: «Հարթ չեն նաև Ադրբեջանի և Արևմտյան երկրների հարաբերությունները, Ադրբեջանի նկատմամբ դրանց վերաբերմունքը բավական կոշտացել է: ԱՄՆ հետ հարաբերություները լարված են, փորձեր են արվում ԵԱՀԿ գրասենյակը փակել, արդեն փակվել է Ժողովրդավարության ինստիտուտը: Նույնը Եվրոպայի հետ է: Իրանի հետ սառը և չեզոք հարաբերությունները սրված են. Ադրբեջանը փորձում է ինչ որ ազդակներ հղել Իսրայելի հետ հարաբերությունների միջոցով»,- ասաց Ադրբեջանցի փորձագետը:Ինչ վերաբերում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններին, ապա, ըստ Ազադ Իսազադեի, Հեյդար Ալիևի օրոք գոնե բանակցությունների իմիտացիա էր արվում և դրանք ինչ-որ ընթացքի մեջ էին, Իլհամ Ալիևը ամեն բան տեղափոխեց զգացմունքային հարթության վրա:

Ազադ Իսազադեն նկատեց, որ այսպիսի լարված արտաքին հարաբերությունների պայմաններում Ադրբեջանը պատրաստվում է նախագահի ընտրությունների: Փորձագետը հայտնեց, որ երկրի ներսում առկա կլանների միջև լուրջ պայքար է գնում, բոլորը փորձում են իրենց ձեռքը վերցնել ազդեցության լծակները, ինչին զուգահեռ երկրում բողոքի մեծ ալիք է բարձրանում:

Փորձագետը պատմեց, որ Ադրբեջանում հասարակությունը հիասթափված է, երկիրը վակուումի մեջ, ավելի է մեծանում երիտասարդական շարժումը, նրանք մեծ ճնշումներ են գործադրում իշխանությունների վրա և փոխադարձաբար նրանց են ճնշում, ընդդիմադիր գործիչները, ակտիվիստները հայտնվում են բանտում, սակայն բողոքի ալիքը չի մարում: «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և լրագրողների ձերբակալում են, նրանց մոտ թմրանյութեր են հայտնաբերվում, չգիտես ինչու նրանք իրենց փողոցում սկսում են շատ վատ պահել և ձերբակալվում են խուլիգանության համար»,- ներկայացրեց նա:

Ազադ Իսազադեն նաև հայտնեց, որ ընտրություններին ընդառաջ Ադրբեջանում ստեղծվել է Ազգային խորհուրդ, որտեղ համախմբվել են բոլոր ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական սեկտորը: Ադրբեջանցի փորձագետն, այնուամենայնիվ, մեծ հույսեր չի կապում նրանց հաղթանակի հետ և հիշեցնում է ադմինիստրատիվ և ֆինասնական ռեսուրսների մեծ տարբերության մասին:

Ավելացնենք, որ այսօր Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում որոշվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևին:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---