ՕԵԿ նախագահ. ՎՊ գնահատականները չպետք է քաղաքական լինեն

ՕԵԿ նախագահ. ՎՊ գնահատականները չպետք է քաղաքական լինեն

PanARMENIAN.Net - Վերահսկիչ պալատը պետք է շարունակի իր գործունեությունը և մասնագիտական գնահատականներ հնչեցնի, ասում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ պալատի գնահատականները չպետք է քաղաքական լինեն. «Քաղաքական գնահատականը տալիս է քաղաքական կառույցը: Պրոֆեսիոնալ կառույցը տալիս է մասնագիտական գնահատական»:

Նա շեշտեց, որ Ազգային ժողովում որևէ մեկը չի խոսել Վերահսկիչ պալատի լիազորությունները նվազեցնելու մասին: Ըստ Արթուր Բաղդասարյանի` ՎՊ-ն լիարժեք գործող պետական կառույց է, իսկ ԱԺ-ում տեղի է ունեցել առողջ քննարկում: «Ես համաձայն չեմ, որ պետբյուջեն լափվում է, իսկ թերությունների ու չարաշահումների դեմ պայքարն անհրաժեշտ է»,- եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ ՎՊ 2012թ.-ի տարեկան հաշվետվությունով բազմաթիվ կոմպիտ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք ոլորտներում: Խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկել էին այն ուղարկել դատախազությունն, առաջարկին կողմ էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, ինչը և արվել է:

Ավելացնենք, որ հունիսի 29-ին տեղի ունեցած քննարկմանը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատի գործունեությանը: «Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով»,- ասել էր նախագահը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---