Ղարաբաղի հարցում Բաքուն կցանկանար ստանալ Ռուսաստանի լրացուցիչ աջակցությունը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանցի դիտորդների մեծամասնությունը նշում է վերջին երեք տարվա ընթացքում Ալիեւի եւ Պուտինի միջեւ ձեւավորված վստահելի հարաբերությունները, ինչպես նաեւ նրանց հանդիպումների կանոնավոր բնույթը` միայն վերջին տարվա ընթացքում նրանք հանդիպել են երեք անգամ: Այլ կերպ ասած, նախագահների միջեւ կա որոշակի իդիլիա, որը, կարող է փչանալ այսօրվա բանակցությունների ընթացքում: Դա կախված է այն հարցերից, որոնք նախագահները կբարձրացնեն անձնական հանդիպման ժամանակ: Այդպես, Իլհամ Ալիեւը կարող է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերակատարության ակտիվացման հարցը»,-գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: Ըստ թերթի, «առջեւմ Բաքվին սպասում են բարդ վաշինգտոնյան բանակցությունները հայկական կողմի հետ, եւ այդ իրավիճակում Ադրբեջանը կցանկանար ստանալ Ռուսաստանի լրացուցիչ աջակցությունը: Բացի այդ, պաշտոնական Բաքուն կրկին կարող է բարձրացնել Վրաստանից Հայաստան ռազմատեխնիկայի տեղափոխման հարցը: Այս հարցը միշտ խոչընդոտ է հանդիսացել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար: Բաց է մնում նաեւ այն հարցը, թե ում դեմ է ուղղված այդ ռազմական ուժը: (Այդ հարցին ոչ ուղղակի պատասխան է տալիս Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը):



Հատկապես վիճարկելի հարց կարող է դառնալ ղազախական եւ թուրքմենական էներգակիրների տեղափոխման համար տրանսկասպիական նավթամուղի եւ գազատարի շինարարության նախագիծը: Բացի զուտ տնտեսական շահերից, նախագիծն ունի նաեւ քաղաքական աստառ: Ադրբեջանն այդ դեպքում կկարողանա հնարավորության դեպքում էներգետիկ օգնություն ցույց տալ հարեւան երկրներին, օրինակ Վրաստանին: Բացի այդ, Ադրբեջանը կսկսի առավել լուրջ տեղ զբաղեցնել Եվրոպայում, որտեղ գազի ուկրաինական ճգնաժամից հետո լրջորեն են սկսել մտածել էներգակիրների տեղափոխման այլընտրանքային երթուղիների մասին: Այլ կերպ ասած, այդ նախագիծը, որը ակտիվորեն առաջ է տարվում Արեւմուտքի կողմից, լիովին համընկնում է Ադրբեջանի շահերի հետ: «Ակնհայտորեն Մոսկվային դուր չի գա ակտիվ ռազմական համագործակցությունը Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ: Այդ հարցը շատ կարեւոր է Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր սրման դեպքում: Ադրբեջանը կարող է վերածվել ռազմական հարթակի, իսկ դա ձեռնատու չէ Ռուսաստանին, որն այժմ բավական լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Այս եւ այլ հարցերը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել երկու երկրների միջեւ: Եվ դրանք լուծում են պահանջում»,-նշում է «Զերկալոն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---